вторник, 22 ноября 2011 г.

Դեկտեմբերյան քմահաճույք


Գորշ դեկտեմբերը իր ցուրտ օրերով
Անհույս սայթաքում  մերկասառույցին,
Տեղապտույտող ավտոդողի պես,
Ու փռշտում է տխուր հարբուխը
                                               իմ ուղեղի մեջ.
Ասես ձմեռը ես եմ հորինել,

 Շարժում ու ժխոր դանդաղեցրել,
Իմ մեղքերով են ծածկվել դաշտ ու լեռ,
Ծովերը` սառել, գազանը` քնել, թռչունը` չվե՛լ...
Եվ իմ շնչից են ամպեր գոյացել.
Կույտ առ կույտ կախվել քաղաքի շնչին:
Ի´մ ձեռքերով են դուռ ու պատուհան հողմերը թակել,
Ավլել մուտքերը հսկա շենքերի,
Որ ուղտերի պես բարձր ու վեհանձն
Արհամարհանքն են որոճում իրենց եղանակներին:

 Գորշ դեկտեմբերը իր ցուրտ օրերով
Անհույս սայթաքում  մերկասառույցին,
Տեղապտույտող ավտոդողի պես,
Ու փռշտում է տխուր հարբուխը
                 ի´մ ուղեղի մեջ.
Սաես, թե ես չե´մ   հորինել բոլոր
Հեռուստացույց ու բազկաթոռները,
Անթիվ գրքերն ու օրաթերթերը...
Ե´ս չեմ հորինել այս կպչուն նինջը...
Եվ այս օրերը բարկացնում են ինձ
Նույնքան, որքան ձեզ ձեր իսկ ձեռքերը.
Երբ ցանկանում են հենց նրանց գրկել
                  ում չի կարելի,
Նրանց կարոտել, ովքեր չեն եղել,
Աղմկել աընտեղ, ուր լռություն է
                   պարկեշտ ու հարգի...

 Ե´ս  եմ  արևը ծոցագրպանում փողի տեղ պահել,
Ու բանտարկել եմ ոսկրերիս մեջ ապրելու ծուծը,
Եվ իմ հոգին է մութ սենյակներում
Ունկնդիր եղել զարկերին սրտիս,
Որ բոլորովին ինձ չեն պատկանել,
Այն բոլոր լիցք ու ազդակների հետ,
Որոնք իմը չեն,
                  բայց միշտ թվում է,
Թե ինձ են ուղղված,
Որ թոքերիս մեջ ծիլ տա թախիծը,
Որ զավեշտական մատները ցրտի
                 աչքերս բացեն,
Որոնք հավատով դեռ սպասում են.
Իբր արևը չի ծագի մի օր
                  ճիշտ ժամանակին,
Իբր գարունը կգա այս անգամ
                               ձմեռվա կեսին:
1990թ. Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий