суббота, 31 декабря 2011 г.

Մնաս բարով


Ինչպես հուզված աչքը`
Մայրամուտը բոսոր
Մեզ է նայում հանգչող
Արեգակի բիբով.
Եվ մենք ծովի հայելում`
Երկու ստվեր անցնող,
Բաժանվում ենք արդեն…
Մնաս բարով:

Հովն է փարվում կրծքիս
Քո վարսերի բույրով,
Աչքերիս մեջ կամաց
Լճանում է թախիծ,
Իսկ շուրթերս արդեն
Կարոտում են ու լուռ
Արտասվում են քեզ հետ…
Մնաս բարով:

Մեր թանկ երգը մեզնից
Հեռանում է անտես,
Ապակու պես ճաքող
Մեր սրտերն են ձայնում,
Ու բաժանման մտքից
Մթնած ծովը մեր մեջ
Անապատ է դառնում…
Մնաս բարով:

Մեր վերևում ծանր
Կուտակվում են ամպեր,
Ու մաղում է անձրև`
Օրհնության պես մաքուր,
Եվ դառնում են հուշեր
Մեր օրերը սիրո…
Մնաս բարով, իմ սեր,
Մնաս բարով:
1993թ

воскресенье, 25 декабря 2011 г.

Խաղը


1.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք բաց տիեզերքում,
Խաղի մի մասն է մեզ հիմա հայտնի,
Որ ակնածանքուվ կյանք ենք անվանում

Եվ մենք կրում ենք թելադրանք վերից,
Որ վարում են մեր ցանկությունները,
Զգում հայացքներ, փաթաթվող ձեռքեր,
Որոնք բացում են մեր փակ դռները:

Մեզ միշտ ճնշում են ներկայություններ,
Որ զննում են մունջ ու տագնապում են`
Անչափելի մեծ կասկած կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք լուրջ ու լրջորեն,
Թեև հայտնի է վախճանը խաղի,
Որ ակնածանքով մահ ենք անվանել:

Ու կրում ենք լուռ մահը մեր կողքին,
Յուրաքանչյուր ժամ, ամեն ակնթարթ,
Այն հետամուտ է լինում բոլորին
Մեր քայլերի մեջ ու մեր մտքերում,

Այն մեզ ճնշում է իր ներկայությամբ,
Զննում, տագնապում`
Անչափելի մեծ թախիծ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք անկախ մեր կամքից,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում են վերևում խաղից:

2.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք հիպնոսված ու հեզ,
Թեև երբեմն ըմբոստանում ենք
Ու որոնում ենք ելք ու փախուստներ.
Անխուսափելի մաքառումներում.
Ո՛չ, հաղթողներ ենք, ո՛չ էլ պարտվողներ:

Խաղից դուրս ոչ ոք չի կարող լինել,
Ոչ ոք չի կարող այն արգելակել.
Գալիս ենք հույսով, ձեռնունայն գնում,
Անչափելի մեծ խաբկանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

…Մենք չենք հորինում խաղին կանոններ.
Պարտադրվում են իմաստները մեզ,
Սակայն ճգնում ենք հասկանալ խաղը
Եվ այն ի վերջո մերը համարում,
Անչափելի մեծ հավատ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մեր ոտքերը աճում են հողում.
Մեզ խոշտանգում են երկու տարերքներ.
Ձգելով վերից, վարից ճկելով…
Անչափելի մեծ տանջանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից,
Մենք ընդունում ենք կանոնը խաղի,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում ենք ձգձգվող խաղից:
1993թ

среда, 21 декабря 2011 г.

Վերցրու


Վերցրու իմ աչքերը
Ու նայիր աշխարհին:
Լսիր ձայները,
Որոնք ես եմ լսում:
Իմ շունչը վերցրու
Եվ ապրիր ընթացքը ժամերիս
Ու խոսիր, ու խոսիր
Իմ փակված շուրթերով:

Վերցրու լռությունս
Ու փշրիր ապակու պես,
Տարածիր արձագանքը
Խեցիներում մարդկանց…
Չի՛ հանգչում ոչ մի ձայն,
Ոչ մի խոսք չի կորչում
Անեզերք երկնքում
Ե՛վ ջրում, և՛ հողում:

Ողջը վերցրու,
Երբ կյանքն է անարժեք,
Երբ թափվում է վերից
Շփոթն աստղային,
Երբ շունչն է կործանման
Ե՛վ ջրում, և՛ հողում,
Երբ աղետ է շուրջը,
Եվ մահն է ինքնիշխան:

Վերցրու առավոտս,
Նույնիսկ` վերջինը,
Գիշերս վերցրու,
Եթե հմայում է քեզ,
Ցերեկս ապրիր
Եվ օրս փախցրու
Ու խոսիր…ու խոսիր
Իմ փակված շուրթերով:
1995թ.

понедельник, 19 декабря 2011 г.

Արձանը


Տեղ մի փնտրիր իմ հոգում.
Թե ադամանդ, թե ոսկի
Կողոպտել են ու վատնել
Եվ կողպել են անհոգի:

Տեղ մի փնտրիր իմ սրտում.
Այն խփում է անարյուն
Ու պատերի մեջ դողդոջ
Դատարկությունն է պարում:

Մի որոնիր ձայնը իմ.
Նա երգել է, որ լռի,
Ինչպես լարն է կտրվում
Չնվագող ջութակի:

Մարմինս մի որոնիր.
Այն վառել են գիշերին,
Մոմի նման, որ հալվել,
Ու ցնդել է կյանքը իմ:

Ողջը սուտ է, ողջը` սին.
Ինձ չես գտնի իմ ներսում,
Նայիր, ինչպես արձանին…
Աչքերս մի կորցրու:

Ես նրանց եմ պատկանում,
Ինչպես գույնը` ապակուն,
Նրանք նայում են, սակայն
Չեն նկատում, չեն տեսնում:

Աչքերս մի կորցրու.
Հայելին ջինջ է ու մաքուր,
Նայիր ու քեզ հարցրու.-
Ինչ կա արդյոք նրանցում:
1996թ.

четверг, 15 декабря 2011 г.

Արցունքից առաջ


Մի անգամ տեսա մի կաղնի.
Այն այնքան գեղեցիկ էր,
Որ ցանկացա կտրել:

Մի անգամ լսեցի երաժշտություն.
Այն այնպես երկնային էր,
Որ ցանկացա խլանալ:

Մի օր հանդիպեցի մի աղջկա.
Նա այնպես հմայիչ էր,
Որ փակեցի աչքերս:

Պատահաբար ապրեցի մի կյանք.
Այն այնքան հրապուրիչ էր,
Որ հրաժարվեցի նրանից:

Այս գիշեր երազ տեսա.
Այն այնքան խորիմաստ էր,
Որ որոշեցի փոխվել:

Եվ այժմ փոխում եմ աչքերս,
Փոխում եմ ձեռքերս,
Փոխում եմ սիրտս…
Կրկին հիշում կաղնին,
Աղջկան,
Վերհիշում եմ երաժշտությունը,
Բայց իմ մեջ ոչինչ չի փոխվում,
Եվ ինձ վրա ծիծաղում է կյանքը,
Ծիծաղում է ու… շարունակվում:

Ես նայում եմ փողոցին
Ուր տխուր անձրևն է որբանում,
Ուր դառնության ալիքը հպվում է դեմքիս
Եվ հասկանում եմ,
Որ արդեն կորցրել եմ առավոտս
Եվ էլի շատ բաներ եմ կորցնելու…
1996 թ.

воскресенье, 11 декабря 2011 г.

Ինչ էլ լինի


Անձրևն անձև փշրվում է ջրհորդանում ու մտքերիս,
Ջրերի մեջ անտերացած մեղեդի կա կեսերգեցիկ,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` մարդ, նստում շնչիս
Ու հուշեր է ինձ մրմնջում մելամաղձիկ, մելամաղձիկ:

Սլացել են քամիները վրնջալով իմ քունքերին,
Ինչ են տարել, ինչ թողեցին. ափսոսանք է, ուրիշ` ոչինչ, 
Սխալների շարք էր կյանքը, ու կորուստ էր, ինչ էլ լինի,
Ինչ էլ լինի, իմն էր, սակայն ճակատագիրը սուտ ու ճիշտ:

Թեթև նայիր, իմ բարեկամ, ուրախությանն ու վշտերին,
Ինչ էլ խաղա կյանքը գլխիդ, անիմաստ է մի խենթացիր,
Միևնույն է չեն հասկանում մարդիկ իրար, ինչ էլ լինի
Նույն ձևով են դավաճանում բարեկամներն ու թշնամին:

Երբ կհոսի քունքիդ վրա վերջին կաթիլը քրտինքի,
Երբ կհատնի վերջին ուժը, կյանքին կապող թելը վերջին,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` խոլ նստի շնչիդ.
Մի հավատա, ինչ էլ լինի. ափսոսանք է ուրիշ` ոչինչ:
1999 թ.