суббота, 31 марта 2012 г.

Song For Two


Երկնքից ընկնող երկու լուսաստղ,
Երկու լիճ վճիտ` ողջ մոլորակում,           
Երկու ճաքող ժայռ, երկու ծառ այրվող,
Երկու գիժ թռչուն` անվերջ սավառնող:

Իրարից փաղչող երկու շեկ ծաղիկ,
Երկու անշարժ բիբ` թարթիչից կախվող,
Ունկերում հնչող երկու ճնշող ձայն,
Երկու տաք վրձին կտավին քսվող:

Մատներում պարող երկու մեղմ ժպիտ,
Երկու մութ ստվեր` մոխիր շաղ տվող,
Ճակատին հանգչող երկու քմծիծաղ,
Փակված շուրթերին` լռություն շնչող:

Խոսքը խափանող երկու լուրջ թրթիռ,
Երկու փակված գիրք` չշարունակվող,
Քամուց բզկտվող երկու անտեր ամպ,
Սրտի տրոփյուն ու լցվող անդորր:

Երկնքից ընկնող երկու լուսաստղ,
Երկու գիժ թռչուն` անվերջ սավառնող,
Իրարից փաղչող երկու շեկ ծաղիկ,
Երկու պաղ վրձին` կտավին հանգչող:
01/10/2002թ.

среда, 21 марта 2012 г.

Առավոտ


Գիշերն անցավ ու կամաց
Շողը դողաց կոպերիս,
Օդում կախվեց տանջալի
Մղձավանջը մտքերիս:

Խոսիր ինձ հետ, առավոտ,
Մի շփոթվիր, մի լռիր,
Թույլ մի տուր, որ հեռանան
Իմ հույզերը խռովկան:

Զուլալ, լուսեղ, թռչնաձայն
Խաբիր, որ ես հավատամ
Քո աչքերին երկնագույն,
Աստղակաթին վաղորդյան:
Խոսիր ինձ հետ առավոտ,
Ես` ունկնդիր անտեղյակ,
Պատմիր անհայտ աշխարհի
Չնաշխարհիկ հրաշքներ…

Ասա, խոսիր քեզ ու քեզ,
Խաբիր, ու թող, որ մնան
Զվարթ, անեղծ ձայնիդ մեջ
Իմ հույզերը խռովկան:
Անտիպ 2000թ

вторник, 13 марта 2012 г.

Գենեզիս


(հատված)
Ընտրյալներին մայրեր չեն ծնում

Եվ կյանքը նրանց երես չի տալիս.
Նրանք սերվում են ժամանակներից
Ու չեն ավարտվում բնական մահով:
--------------------------------------------
Ճակատագիրը մարդիկ չեն գրում,
Բայց նրանք միշտ էլ  խախտում են գիրը.
Երկաթյա ձեռքով գրեցիր, սակայն
Այն դարձրեցիր ճակատիդ գիրը:

Շատերը եկան, շատերը անցան.
Ժամանակն` ինքը արձաններ քանդեց,
Ովքեր ապրեցին, ովքեր` վերջացան.
Չարենցը էլի մնում է Չարենց:
1997թ

пятница, 9 марта 2012 г.

Միջանցիկ հայացք


նկարը` Ցոլակ Շահինյանի
                                                      

Արեգակը մայրամուտին ավելի է գեղեցկանում,
Ավելի է գեղեցկանում լուսաստղը առավոտյան:
Փոթորիկից առաջ ծովը,
Ջրվեժելուց հետո գետը,
Լեռն ամպանիստ կնճիռներում
Ավելի են գեղեցկանում:
Ակնթարթը մինչանձրևին,
Ժայռը վերձիգ, ճաքճքելով,
Բնությունը աշնանային
Ավելի են գեղեցկանում:

Ավելի է գեղեցկանում
Մթնող օրը,                                                                                
Կորցնելով տերևները`
Ավելի է գեղեցկանում ծառը:
…Կինը
Մերկանալով ավելի է գեղեցկանում:
Կիրքը` սրտով,
Աչքն` արցունքով,
Երգը` ցավով
Ավելի են գեղեցկանում:
Հոգին մարդու` սթափվելով
Ու մատները խաչակնքող
Ավելի են գեղեցկանում:
Խոսքը ծարավ գնացողի չոր շուրթերին
Գեղեցկանում է ավելի…
…Ինչո՞ւ, ինչո՞ւ
Արեգակը մայրամուտին աչք է նայող,
Լուսաստղը առավոտյան` ճակատագիր,
Փոթորիկից առաջ ծովը` զգացմունք է անեզրագիծ,
Սիրահար է գետն ուշաթափ,
Լեռն ամպանիստ կնճիռներում`իմաստություն,
Ակնթարթը մինչանձրևին` սրտի տրոփ,
Ժայռը ճաքող` սարսափի ճիչ,
Աշնանային բնությունը` մահ գեղեցիկ:

Մթնող օրը հանգրվան է հիշողության,
Տերևաթափ ծառն ավելի է մարդանում,
Մերկանալով կորցնում է մերկությունը, կինը, կիրքը,
Նաև սիրտը…
Պարզանում է աչքն արցունքով,
Երգը ցավով խորն է իջնում,
Ամրանում են խաչակնքող մատներն հույսով,
Սթափվելով բժշկվում է չարչար հոգին,
Իսկ խոսքերը գնացողի չոր շուրթերին
Շարունակում են դեռ ապրել…
Այսուհանդերձ
Գուցե կյանքն էլ
Ավելի է գեղեցկանում:
2006 թ. Ընտրանի