пятница, 24 февраля 2012 г.

Մերկուրի


                                   Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան
                    

Ավետ
Տերտերյանի
լուսավոր հիշատակին

Մահն է մեծագույն հանճարը
(Ըստ համանվագի)

Անսահմանից աստղ ու մթի
Լույս է իջնում ծանր ու թեթև,
Որ շարժվում է երկարաձայն
                             ու հնչերանգ:
Ցած է իջնում և լցվում է
Երկիր կոչվող մոլորակին`
Ծավալվելով
Ալիք-ալիք ու շողացիր:

Անշարժանում է երկիրը և սպասում,
Ինչպես պահին ետանձրևի,
Երբ անդորրից բնությունն է
                դանդաղորեն զվարթանում,
Սակայն նրան ընտրյալներն են ընկալում`
Զգո~ւյշ, հեռվից անհպելի…

Բայց աշխարհը`
Խլացած ու կույր աշխարհը,
Ընկրկում է զգուշավոր,
Եվ ամբոխը հանկարծ զգում է
                ինչ-որ բան արտասովոր.
Ու ոստնում են մարդիկ խռիվ,
Մոլեգնելով աղմուկ ու կիրք`
Ընթանում են շերեփակիր
Մինչև լույսը վերերկրյա,
Ու լափում են միաբերան
Ահից լլկված մարմինը իր:

Աշխարհը` գայլ, աշխարհը` ցին,
Անընդունակ որկրամոլը
Խրախճանում է` զգալով
Մարդամսի ու իր արյան
               մոտիկությունը մոռացված,
Թպրտում է նրա ձեռքին լույսը մեռնող,
Խելագարվող մանկան նման,
Որ կռվում է մահն աչքերում…
Բայց  գարշելին պատռոտում է սիրտը նրա,
Ու խմում է արյունը տաք:

…Ո՛չ գիշեր է, ո՛չ էլ ցերեկ,
Ո՛չ օր է սա, ո՛չ էլ տարի և ո՛չ էլ դար…
Տղմահեղեղ է մարդկային
Ժամանակից ընդմիշտ թռած,
Եվ բոկոտն ոչ մի մանուկ
Էլ չի սահում արգանդից ցած:
Պղծված է մարդը` ինքը
Ու իր գործերն են պղծված:

Քար լռություն է կարծրանում
Երկիր կոչվող մոլորակի ուղեծրում,
Սահում է մունջ սև դագաղը
 Դատարկության սև պարույրում,
Չունի անուն և չունի հուշ:
…Բայց ի՞նչ է սա.
Հանկարծ ճիգից ճաքճքում է
                դատարկությունը մետաղյա`
Մի ակնթարթ, չնչին մի պահ,
Ու նրանից դուրս է պրծնում շիթը լույսի
Ու փախչում է դեպի երկինք
               աներևույթ, անորսալի:
Կարկամում են հայացքները զեռունների
Ու ապշահար պլշում երկինք…
Լռության մեջ վերերկրյա
Լույսն ու ձայնը սաղմոսաշար, իրար գրկած,
Սավառնում են երկնքի մեջ.
Առանց օդի, անշնչացած,
Բայց քաղցրահունչ ու ցավատանջ,
Հեռանում են մոլորակից
Երկիր կոչվող այս դժողքի`
Անձրևելով շուրջը նրա
Աղի արցունք ափսոսանքի:

Անսահմանում աստղ ու մթի
Լույս է շարժվում ծանր ու թեթև,
Որ տանում է խոսք ընդգրկուն.
            ՛վ կյանք, և՛ մահ: 
1996թ.

воскресенье, 19 февраля 2012 г.

Գիշերային անձրև


Գիշերային անձրև, հուսադրող իմ քույր,
Արի կաթիլ-կաթիլ ու աչքերիս թափվիր.
Ես հոգնել եմ էլի,
Ես չեմ ուզում նայել,
Իմ հայացքից մաքրիր տխրություն ու խոհեր:

Տես, մարմինս վառվում ու թռչում է երկինք,
Դու հանգցրու նրան ու կոպերս փակիր.
Ես չեմ ուզում անվերջ
Մոխրանալ ու այրվել,
Իմ շիկացած դեմքը պաղ մատներով ծածկիր:

Գիշերային անձրև, գիշերային անձրև,
Արի կաթիլ-կաթիլ ու շուրթերս թրջիր,
Այս գիշերը թովիչ
Ես ուզում եմ խմել,
Իմ հայացքից մաքրիր տխրություն ու խոհեր:
Անտիպ:90-ականներ:

суббота, 11 февраля 2012 г.

Մարդը և Սարսափը

-Դու իմն ես,- ասաց Սարսափը մարդուն,
-Դու իմն ես,
Ու քեզ մի խաբիր.
Ես եմ քո սկիզբն ու վերջը
Եվ քո միջինը,
Ես քո ծնողն եմ ու զավակը,
Ես քո ամուսինն եմ,
Բայց առավելս` թշնամին, քանզի դու իմն ես
Ու մի փորձիր քեզ խաբել…
Մարդը լսում էր ու տանջվում լռելյայն.
-Բայց ես ի՞նչ անեմ…
-Դու իմն ես աշխարհ մտնելու պահից,
Այդ ես էի մորդ աղաղակներում` ծնելիս,
Ես էի նրա աչքերից սահում քո պարույրը,
Առաջին լացիդ հետ հոսում այտերիդ,
Դողում էի հեծկլտոցներիդ մեջ, շուրթերիդ,
Տաքացած մաշկիդ տակից
Աղաղակում հիվանդություններդ…
Քայլերիդ ուղեկիցն եմ եղել,
Մտորումներիդ` խորհրդատուն,
Ճշմարտություններիդ` կասկածը,
Արբեցումներիդ` սթափեցնող հեղուկը…
Ես քո խիղճն եմ,
Ես քո հավատը….
-Բայց ես ի՞նչ անեմ,-հեկեկում էր մարդու
                                                      լռությունը:
-Գնա մարդկանց մեջ, բայց… անիմաստ է,
Որովհետև ես բոլորի հետ եմ և բոլորի մեջ,
Որովհետև հոտը ժամանակավոր ապաստարան է,
Որովհետև
                  Ե՛ս եմ ճշմարտությունը,
                  Ե՛ս եմ արդարությունը,
                  Ե՛ս եմ բարոյականությունը…
(Ոչինչ չասող խոսքեր… )
Դու անբուժելի խելագար ես, այնպիսին,
Որ սկսում եմ սարսափել քո սարսափից:
-Բայց ես ի՞նչ անեմ,- պատռվում էր մարդու
                    Լռությունը,
-Ոչինչ: Դու իմն ես:
Ես քեզ ընտելացրել եմ, ինչպես կրկեսի կապիկ,
Ոչ… շնիկ, ոչ… գառնուկ
Ուստի սարսափում եմ լքելուց,
Bottom of Form
Որովհետև` կգայլանաս
Ու սեփական բուրդդ կգզես.
Դրա համար էլ քեզ ազատ կարձակեմ
Միայն վերջին շնչում,
Իսկ մինչ այդ` Մի քիչ մարդ եղիր,
Մի քիչ սովորիր նայել աչքերիս,
Ազատիր հոգիդ,
Փրկիր մարմինդ…
Սովորիր մի քիչ ատել ինձ,
Ախր ես քեզ շատ եմ սիրում:
1997 թ.