воскресенье, 29 января 2012 г.

Համամարդկային արժեքներ


Հայտնի է, որ Ջորջ Գորդոն Բայրոնը արևելյան  
մշակույթը ուսումնասիրելու նպատակով, երկու տարի ապրել է 
սբ. Ղազար կղզում: Կարդալով նրա <<Hebrew melodies>> (Հրեական 
մեղեդիներ) բանաստեղծությունների շարքը, հանդիպեցի մի 
բանաստեղծության` <<She walks in Beauty>>, որն  ինձ հիշեցնում է 
Նարեկացու տաղերը: Ահա, թե ինչպես եմ պատկերացրել դա.



She walks in beauty
1
She walks in Beauty, like the night
       Of cloudless climes and starry skies;
And all that's best of dark and bright
       Meet in her aspect and her eyes:
Thus mellowed to that tender light
       Which Heaven gaudy day denies.
2
One shade the more, one ray the less,
       Had half impaired the nameless  grace
Which waves in every raven tress,
       Or softly lights o'er her face;
Where thoughts serenely sweet express,
       How pure, how dear their dwelling-place.
3
And on that cheek, and o'er that brow,
        So soft, so calm, yet eloquent,
The smiles that win, the tints that glow,
        But tell of days in goodness spent,
A mind at peace with all below,
        A heart whose love is innocent!


Նա քայլում է վայելչագեղ

1
Նա քայլում է թիկնեթեկին
       Պարզ աստղալից գիշերվա պես,
Եվ աչքերում, ողջ կերպարում
       Հանդիպում են լույսն ու մութը.
Ծավալվում է ճառագայթը
       Հովիտներում երկնի շքեղ:

2
Մի ստվերը շատ, մի շողը քիչ.
       Որ խաղում  են սև ծամերին
Կամ մեղմորեն փայլփլում են լույսեր դեմքին,
       Մեղմացնելով գրավչությունը անանուն,
Եվ խոհերն են ջինջ ու անուշ,
       Ինչ կատարյալ, որքան թանկ է հայցքը իր:

3
Այտի վրա ու ճակատին
      Այնպես մեղմ են, այնպես խաղաղ ու պերճախոս
Ժպիտները գերեվարող ու վառերանգ,
      Եվ օրերը բարօրությանը պարգևած
Հոգին հաշտ է ու խաղաղ է բոլորի հետ,
      Ում սրտերում սերն է անմեղ:
1993թ.

четверг, 19 января 2012 г.

Ադաջիո մինչև առավոտ


Մինչև առավոտ կրկնվող կյանքը
բիբերիդ միջով վերապրիր, մինչդեռ
խորը քնած են մտագարները,
իսկ առավոտյան փակիր աչքերդ
սանձարձակ ճնշող դիմակների դեմ,
                 անգույն ու անթիվ
                 ու ճգնիր մնալ…

Մինչև առավոտ բիբերիդ միջով
մղձավանջերիդ վայրկյաններն հաշվիր
երեխաների աչքերում քաղցած,
իսկ առավոտյան գնա, խառնվիր
բազմություններին կաթվածի ելած:

Մինչև առավոտ բիբերիդ միջով
հագիր միրաժի ցնցող ժապավեն
ու առավոտյան կեղտոտ փողոցում
փորձիր չնայել մուրացկաններին
                 ծերունի, ջահել:

Մինչև առավոտ բիբերիդ միջով
անցիր քարուքանդ քաղաքներ, գյուղեր
ու կյանքը դրած տղերքի մահով
                 սահմանը գծիր,
Իսկ առավոտյան փորձիր կռահել
                 …վերջին կորուստը:

Մի խելագարվիր մինչև առավոտ.
փորձիր հասկանալ, թե որ կողմից է
քունքը մխրճվող գնդակը թռել
                  և ումից փրկվել,
իսկ առավոտյան հրափողն ինքդ
                    դեմ արա քունքիդ…


Մինչև առավոտ բիբերիդ միջով
փորձիր կասկածել, թե ո՞ր սերնդի
ճակատագիրն էր առավել դժնի ու
                     եղերական,
իսկ առավոտյան… էլ մի որոնիր
                     չծնվածներին:
1998թ.

понедельник, 16 января 2012 г.

Անորոշ ու միապաղաղ


Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է անորոշը միապաղաղ`
դատարկվելով աչքերիս մեջ,
կոպերիս տակ,
պաղեցնելով իմ մտքերը
լռության մեջ ինքնամոռաց:
Եվ մոտեցող կեսգիշերի
սև ներկայում
ջղերս են կամաց ձգվում
ու երկարում,
ինչպես անպարզ սարդոստայնը,
որը ոչ թե կերակրում է տխուր սարդին
այլ ուզում է ճշտել կյանքը:

Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է մութը մթին
ու  լցվում է իմ ձեռքերին…
ես փորձում եմ բռնել նրան,
բայց խփվում եմ դեմքով դեմքին,
ու գիշերը խոլ ճոճվում է
հայացքիս դեմ`
ճշտելով իմ դիրքը կանգնած
անորոշ ու միապաղաղ…

Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է ցերեկ գունատ
կռնատ ծառի ճյուղին կռնատ,
ուր ագռավն է կռկռում իր
ագռավի հետ,
ես նայում եմ դեպի հարավ,
մտածելով, որ ուր որ է
պիտի անձրև թափվի, սակայն
բռնկվում է փոշոտ քամի աննպատակ,
և աչքերս արյունով են լցվում դանդաղ
անորոշ ու միապաղաղ…

Օրվա կրծքից միաստինք
Կաթկթում է իրիկունը օտարոտի
ու փողոց է հանում մարդիկ`
անջատ-անջատ,
փակ աչքերով ու տանջահար,
ու գլխահակ,
սոված, դաժան
եվ սպանող…

Ես ճգնում եմ խոսել, սակայն
իմ շուրթերից բացվող-փակվող
չի լսվում ձայն
ժխորի մեջ ինքնամոռաց,
անորոշ ու միապաղաղ,
անորոշ ու միապաղաղ…
1993 թ.

Պատերազմ


Աստվածաշնչյան իր դանդաղությամբ
Քմահաճ թեքվում հանդեպ լուսնկան.
Գալիս է օրը, անցնում է օրը.
Նա ոչ հարց ունի, ոչ էլ պատասխան:

Նայում է, ինչպես խեղդվող ձկան աչք,
Ինչպես ջղաձիգ հունվար մետաղյա,
Ընկնում է սառցին ու սահում է ցած.
Ոչ մեռած է դեռ, ոչ հիասթափված…

Ապրում է օրը, մեռնում է օրը
Դժգույն ու թանձր տարվա մակարդում,
Թշշում է ձյունը գնդակից թռչող,
Որն իմ սրտից է հանկարծ վրիպում:

Ու կոտրվում է սեղանին մոմը
Մորս սևեռուն հայացքի առջև.
Մութ խրամատից լուր տալով նրան,
Որ այս անգամ էլ մահս խափանվեց:

Լռին քայքայվող օրվա փշրանքից
Մի տաք վայրկյան է ընդվզում անեղծ.
Ու թվում է, թե նորից ծնվեցի
Գետնին մզզացող սառույցների մեջ:

…Գալիս է օրը, անցնում է օրը,
Կրկին ու կրկին ակնհայտելով.
Որ, եթե շատ է ծնունդն անհրաժեշտ,
Ապա նույնքան էլ մահն է կարևոր:
1992թ

пятница, 13 января 2012 г.

Գորշ օրերի թախծում


Գորշ օրերի թախծում.
Անօդ հիպնոսում մեռնող ժամերի,
Ինձ է հասնում ձայնդ
                     հարազատ ու օտար…

Տարիները ծանր
Փետուրներ չեն դառնում,
Խաբուսիկ է կանչը,
Ու խոսքերը` տանջող,
Բայց չի ջնջվել հուշը,
Այն ապրել է կողքիս
Աներևույթ, ինչպես
Երեկոյի լույսը:

Ինձ են հպվում հանկարծ
Քո խոսքերը մոլոր.
Ու սրտիս մեջ իզուր
Զրնգում են հույսեր,
Եվ ես կուլ եմ տալիս
Արցունքներս լցվող
Որ փոխվում են լացի…
Անցիր…
                 անցիր, անցիր,
Անցիր, ինչպես ժամը,
Ինչպես օրը, անցիր,
Կարոտի պես անծիր,
Համբույրի պես թեթև…

Ու խաղաղված հոգիս,
Ինչպես հոգնած ամպը
Անտարբեր ու լռին
Թող քաղաքին իջնի
Երբ անդորր է արդեն
Ու մոլորված ժամը
Հիպնոսի մեջ անօդ
Օրերի գորշ թախծի:
1994 թ.

среда, 4 января 2012 г.

Ճայերի կղզում


Ճայերի կղզում`
Ճիչ ու կռինչի ալեկոծությամբ առլի լճափին,
Մենակ պառկել եմ ավազների մեջ,
Եվ իմ առջևոմ երկինքը կապույտ ու ձեռնատարած
Ճոճվում է կամաց,
Ճոճվում է կամաց:

Ու հարբած ճայը կտցահարում է
Սիրտս անհաղորդ տակառի ձայնով,
Եվ մենությունն է նայում միջովս,
Ինչպես կնայեն խողովակի մեջ,
Ու թվում է, թե զարկերակները
Քունքերիս բացվում
Ու շիթերն արյան
Հոսում են կամաց…
Ես թափ եմ տալիս մարմինս թմրող
Ու փափուկ սուզվում ներսը ավազի…
Եվ իմ աչքերին երկինքը կապույտ
Կարմրում հանկարծ,
Շառագունելով ափը ամայի,
Եվ ճայերն օդում
Կախվում են հանգած
Ու թևատարած
Իջնում են կամաց,
Իջնում են կամաց…

Ես ելնում եմ լուռ,
Փակված աչքերով
Եվ հեռանում եմ հոգնած ու թմրած,
Ու իմ մտքերը ինձ քարշ են տալիս,
Ճոճելով կամաց,
Ճոճելով կամաց:
1993թ.