воскресенье, 9 сентября 2012 г.

Աշնանային քրոնիկոն



Սեպտեմբեր

Սեպտեմբեր, նկարիչ սեպտեմբեր,
Կոպերիս վրձինը կկոցած,
Անձրևով լվացվող գույներով
Ուզեցի նկարել քեզ համար,
Խառնեցի ներկերս իրար:

Սեպտեմբեր, երաժիշտ սեպտեմբեր,
Խառնեցի ներկերս իրար,
Շուրթերիդ մեղեդին ըմպեցի
Մոլորված, մոլորված քո գրկում,
Հույզերս` նվագներ մնացին:

Սեպտեմբեր, բանաստեղծ սեպտեմբեր,
Հույզերս` նվագներ մնացին,
Խոսքերս` անշշուկ մրմունջներ,
Ու սառեց առաջին ցրտերին
Գույներիդ ալելուն անեզերք:
2006թ. Ընտրանի

***
Ոսկեկանաչ մինչերեկոն
Պատուհանի ետնաբեմից
Թախծոտ նայում է աչքերիս
Օ~, լքված կին, այս երեկոն
Ի~նչ սիրուն է, ի~նչ դյուրահաս
Ա՛ռ մատներս ու փաթաթիր քո շուրթերին
Եվ բառերիդ դողդղացող օդը փրկիր
                                                   Իմ հայացքից,
Միայն ես եմ տեսնում նրան,
Միայն ես եմ նկատում քեզ,
                                          օ~, լքված կին,
                                          օ~, նրբիրան իմ իրիկուն,
Շենքերից ու տանիքներից վերև կախված,
Չխոշտանգված իմ առօրյա
Ոսկեկանաչ ու թափանցիկ,
Պատահական, լուռմիամիտ իմ մտերիմ,
            Քեզ  հեռանալ թույլ չեմ տալիս:
2006թ. Ընտրանի


NONSENS          
                              
-Վահունի,
 հանիր ձեռքերդ գրպաններիցդ
 ու ճակատիս դիր.
 ես մի քիչ ջերմություն ունեմ:
 Առավոտյան աղջիկս հազում էր
 խորխ էր թքում,
 ձեռքերդ նրա ճակատին էլ դիր:
Այսօր պայծառ արև էր,
 նկարիչ ընկերոջս տեսա,
 նա քայլում էր աշնան միջով,
 որ տաքանար,
 ձեռքերդ նրա ճակատին էլ դիր:

Այս մարդիկ մրսկան են դարձել
 Երբևէ տեսել ես մրսող երկիր:
 Հանիր ձեռքերդ գրպաններիցդ
 ու դիր բոլորի ճակատին

 -Ո՞ վ ես դու,Վահունի:
  -Սովորական մեկը
  նչո՞ ւ ես ձեռքերդ
  մարդկանց ճակատին դնում:
  -Չգիտեմ, ուրիշ ոչ ոք դա չի անում:
18/11/2000թ Անտիպ


Արցունքից առաջ

Մի անգամ տեսա մի կաղնի.
Այն այնքան գեղեցիկ էր,
Որ ցանկացա կտրել:

Մի անգամ լսեցի երաժշտություն.
Այն այնպես երկնային էր,
Որ ցանկացա խլանալ:

Մի օր հանդիպեցի մի աղջկա.
Նա այնպես հմայիչ էր,
Որ փակեցի աչքերս:

Պատահաբար ապրեցի մի կյանք.
Այն այնքան հրապուրիչ էր,
Որ հրաժարվեցի նրանից:

Այս գիշեր երազ տեսա.
Այն այնքան խորիմաստ էր,
Որ որոշեցի փոխվել:

Եվ այժմ փոխում եմ աչքերս,
Փոխում եմ ձեռքերս,
Փոխում եմ սիրտս…
Կրկին հիշում կաղնին,
Աղջկան,
Վերհիշում եմ երաժշտությունը,
Բայց իմ մեջ ոչինչ չի փոխվում,
Եվ ինձ վրա ծիծաղում է կյանքը,
Ծիծաղում է ու… շարունակվում:

Ես նայում եմ փողոցին
Ուր տխուր անձրևն է որբանում,
Ուր դառնության ալիքը հպվում է դեմքիս
Եվ հասկանում եմ,
Որ արդեն կորցրել եմ առավոտս
Եվ էլի շատ բաներ եմ կորցնելու…
1996թ.Ընտրանի


Միջանցիկ հայացք

Արեգակը մայրամուտին ավելի է գեղեցկանում,
Ավելի է գեղեցկանում լուսաստղը առավոտյան:
Փոթորիկից առաջ ծովը,
Ջրվեժելուց հետո գետը,
Լեռն ամպանիստ կնճիռներում
Ավելի են գեղեցկանում:
Ակնթարթը մինչանձրևին,
Ժայռը վերձիգ, ճաքճքելով,
Բնությունը աշնանային
Ավելի են գեղեցկանում:

Ավելի է գեղեցկանում
Մթնող օրը,
Կորցնելով տերևները`
Ավելի է գեղեցկանում ծառը:
…Կինը
Մերկանալով ավելի է գեղեցկանում:
Կիրքը` սրտով,
Աչքն` արցունքով,
Երգը` ցավով
Ավելի են գեղեցկանում:
Հոգին մարդու` սթափվելով
Ու մատները խաչակնքող
Ավելի են գեղեցկանում:
Խոսքը ծարավ գնացողի չոր շուրթերին
Գեղեցկանում է ավելի…
…Ինչո՞ւ, ինչո՞ւ
Արեգակը մայրամուտին աչք է նայող,
Լուսաստղը առավոտյան` ճակատագիր,
Փոթորիկից առաջ ծովը` զգացմունք է անեզրագիծ,
Սիրահար է գետն ուշաթափ,
Լեռն ամպանիստ կնճիռներում`իմաստություն,
Ակնթարթը մինչանձրևին` սրտի տրոփ,
Ժայռը ճաքող` սարսափի ճիչ,
Աշնանային բնությունը` մահ գեղեցիկ:

Մթնող օրը հանգրվան է հիշողության,
Տերևաթափ ծառն ավելի է մարդանում,
Մերկանալով կորցնում է մերկությունը, կինը, կիրքը,
Նաև սիրտը…
Պարզանում է աչքն արցունքով,
Երգը ցավով խորն է իջնում,
Ամրանում են խաչակնքող մատներն հույսով,
Սթափվելով բժշկվում է չարչար հոգին,
Իսկ խոսքերը գնացողի չոր շուրթերին
Շարունակում են դեռ ապրել…
Այսուհանդերձ
Գուցե կյանքն էլ
Ավելի է գեղեցկանում:
2006թ. Ընտրանի


Թափառախումբը

Մենք ամենքս էլ, մեր հոգու խորքում
                     գնչու ենք մի քիչ,
Ու բոլորս ենք թափառաշրջիկ,
Եվ գնացքները, որոնք տանում են թափառախմբեր
Հայտնի և անհայտ ուղղություններով,
Հանգրվանում են չկայանալիք հանդիպումների
                      կայարաններում,
Ուր մենք չենք եղել,
Ուր մենք կլինենք…
Ուր կան կարոտներ ու եղանակներ թաքուն խոշտանգող,
Եվ նույնքան թաքուն հարուցվող երկյուղ`
Իբր խաբկանք է` հորիզոնի գիծ գոյություն չունի…
Ու իմ աչքերը ըմբոստանում են
Ծովին նայելու համր ցանկությամբ…

Մենք բոլորս էլ գնչու ենք, գնչու:
1990թ. Այրվող վարագույր


***
 Կայարանները փնտրող հայացքիս ծանրության ներքո
Սեղմվել են, կարծես, դարձել կանգառներ,
Ուր էլ չեմ լինի,
Որ հիշողության ու պատրանքների
Զգլխիչ մովն է անվերջ թևածում,
Ուր հրմշտոցից իմ թմրաթաթախ աչքերն են շիլվում,
Եվ կանգ չեն առնում,
                    և կանգ չեն առնում
Տարածության մեջ տեսիլքները` դեմք…

Քեզ սպասում եմ բոլոր ճամփեքին,
Նախահավատով, որ ետ չես դառնա:
1990թ. Այրվող վարագույր


Տարիքը

Կարճացել է վայրկյանը ու պարում է ապակուն.
Պատուհանի երկայնքով համր կինո՞ է ճեպում,
Թե թարթում է անխնա տարին օրերը հերթով`
Ժամանակն անթերի, ինչպես տարիքը մարդու:

Իմ ուղեղում մի նեյրոն ըմբոստացել է կրկին
Ու խելքահան է անում մի քանիսին էլ արդեն,
Ես նրան եմ հավանում, որ պնդում է հարթմնի,
Թե քնելուց հիմար բան վայթե չկա աշխարհում:

Ու հավատում եմ էլի' գոյությանը այն խենթի,
Ով ապրում է մի քիչ կարճ, քան կարող էր նա ապրել…
Ու տարիքս մի մաշված անձրևանոց է դառնում
ԵՎ ինձ փողոց է հանում տարվա բոլոր օրերին:
1990թ. Այրվող վարագույր


***
Անհամբեր ու պնդերես քամին թրևն ավարտած,
Թաքնվում է ծառերի ճյուղերի մեջ գողունի,
Տերևները` աղջիկներ խստաբարո, ամոթխած
Շուտ պոկվում են տեղերից ու շրշյունով թափվում ցած:

Աշունը կուրծքը բացում ու կանգնում է հապշտապ,
Իր սերերի հուշերով ապրած կնոջ պես անփույթ,
Ու քարանում է օդում մոլեկուլը տանջված,
Եվ ամեն ինչ մի վայրկյան սպասման է վերածվում…
Կա՞թ…
              կաթիլը զարմացած,
Փոշու ցայտը կուլ տալիս
Ու երկնքին է ճիտում միակ աչքը բարկացած,
Կաթ…կաթ, կաթում են մեկից
Կաթիլները ուշացած,
Ու լցվում է ծիծաղով տարածությունը հանկարծ:
1990թ. Այրվող վարագույր


***                      
Աշնան անձրևը մաղում է անվերջ,
Թաց տխրությունով լցվել է օրը,
Շուրջս շրջում է մեղեդին թախծոտ,
Հոգնած է ամպը, հոգնել է հողը:

Հոգիս բանտված է, տխուր է հոգիս,
Ու ցավից ապրող սիրտ է քարանում…
Այն ո՞վ էր, ո՞վ էր, որ ոտաբոբիկ
Վազեց մայթերին…
                     Ես քեզ չեմ սիրում:

Այն երբ էր. դաշտում երազող քամին
Ճակատագիր էր հորինում իրեն,
Այդ ինչո՞ւ հանկարծ պառկեց լանջերին
Ու լացեց տխուր…
                     Ես քեզ չեմ սիրել:

Դեռ կոպերիս տակ արցունք կա անմեղ,
Ու մատներիս մեջ` դող հուսադրող,
Սակայն աչքերիս շարունականվերջ
Ուրվագծվում է դեմքդ անտարբեր…
                    Ես քեզ չեմ սիրում:
                    Ես քեզ չեմ սիրել:
1990թ. Այրվող վարագույր


Հավատարմություն

Աշնանամուտը շարականներ է երգում իմ հոգուն,
Ու ես զգում եմ արյանս դողը ցրտերից առաջ:

…Ողջ կյանք էր տևում գիշերը անքուն,
Ուր վայրկյանները աղոթքներ էին շաղված երկնքում…
Մի՞թե ապրելը դառնում է անկում`
Կյանքում, իմ անգին, իզուր չեն լքում սիրելիներին:

Հին եկեղեցում, ուր տոն օրերին պատարագում են,
Կա մի խնկաբույր նկար տիրամոր,
Որ շատ նման է հավատարմության,
Եվ այդ նկարում ծովի շարժում կա:
Ես ինձ զգում եմ ձկնորսի նման,
Որի ուռկանը անվերջ տատանվում
Հավատարմության, հավատի միջև
Ու դուրս է հանում խելոք քարոզներ,
Որ ամենից քիչ ինձ են հարկավոր…

Աշնանամուտը շարականներ է երգում իմ հոգուն,
Ու շուրթերիս մեջ չբացակայող կարոտն է շարժվում…
1990թ. Այրվող Վարագույր


Ձմեռնամուտ

Օրը սառել է անպաշտպան,
Սրսփում են ծառերը մերկ,
Ու թվում է` կիրակի է
                                        հավերժական:

Ու գունաթափ քամին, կարծես,
Ինքն իրեն է ծաղրում անվերջ,
Դեգերումով անտեր ու սուտ:

Ցուրտն անմշուշ ու անկենդան
Սփրթնել է շենքերի դեմ,
Ու փողոցում փոշին փռվել,
Ու նայում է ուժասպառ:
Պատուհանին ձմեռնամուտն է թաքնվել,
Սպասելով հարմար պահի,
Որ անմռունչ իր սկիզբը ազդարարի
Ողջ քաղաքին
                          ու տիրաբար:
1990թ. Այրվող վարագույր