суббота, 31 декабря 2011 г.

Մնաս բարով


Ինչպես հուզված աչքը`
Մայրամուտը բոսոր
Մեզ է նայում հանգչող
Արեգակի բիբով.
Եվ մենք ծովի հայելում`
Երկու ստվեր անցնող,
Բաժանվում ենք արդեն…
Մնաս բարով:

Հովն է փարվում կրծքիս
Քո վարսերի բույրով,
Աչքերիս մեջ կամաց
Լճանում է թախիծ,
Իսկ շուրթերս արդեն
Կարոտում են ու լուռ
Արտասվում են քեզ հետ…
Մնաս բարով:

Մեր թանկ երգը մեզնից
Հեռանում է անտես,
Ապակու պես ճաքող
Մեր սրտերն են ձայնում,
Ու բաժանման մտքից
Մթնած ծովը մեր մեջ
Անապատ է դառնում…
Մնաս բարով:

Մեր վերևում ծանր
Կուտակվում են ամպեր,
Ու մաղում է անձրև`
Օրհնության պես մաքուր,
Եվ դառնում են հուշեր
Մեր օրերը սիրո…
Մնաս բարով, իմ սեր,
Մնաս բարով:
1993թ

воскресенье, 25 декабря 2011 г.

Խաղը


1.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք բաց տիեզերքում,
Խաղի մի մասն է մեզ հիմա հայտնի,
Որ ակնածանքուվ կյանք ենք անվանում

Եվ մենք կրում ենք թելադրանք վերից,
Որ վարում են մեր ցանկությունները,
Զգում հայացքներ, փաթաթվող ձեռքեր,
Որոնք բացում են մեր փակ դռները:

Մեզ միշտ ճնշում են ներկայություններ,
Որ զննում են մունջ ու տագնապում են`
Անչափելի մեծ կասկած կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք լուրջ ու լրջորեն,
Թեև հայտնի է վախճանը խաղի,
Որ ակնածանքով մահ ենք անվանել:

Ու կրում ենք լուռ մահը մեր կողքին,
Յուրաքանչյուր ժամ, ամեն ակնթարթ,
Այն հետամուտ է լինում բոլորին
Մեր քայլերի մեջ ու մեր մտքերում,

Այն մեզ ճնշում է իր ներկայությամբ,
Զննում, տագնապում`
Անչափելի մեծ թախիծ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք անկախ մեր կամքից,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում են վերևում խաղից:

2.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք հիպնոսված ու հեզ,
Թեև երբեմն ըմբոստանում ենք
Ու որոնում ենք ելք ու փախուստներ.
Անխուսափելի մաքառումներում.
Ո՛չ, հաղթողներ ենք, ո՛չ էլ պարտվողներ:

Խաղից դուրս ոչ ոք չի կարող լինել,
Ոչ ոք չի կարող այն արգելակել.
Գալիս ենք հույսով, ձեռնունայն գնում,
Անչափելի մեծ խաբկանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

…Մենք չենք հորինում խաղին կանոններ.
Պարտադրվում են իմաստները մեզ,
Սակայն ճգնում ենք հասկանալ խաղը
Եվ այն ի վերջո մերը համարում,
Անչափելի մեծ հավատ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մեր ոտքերը աճում են հողում.
Մեզ խոշտանգում են երկու տարերքներ.
Ձգելով վերից, վարից ճկելով…
Անչափելի մեծ տանջանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից,
Մենք ընդունում ենք կանոնը խաղի,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում ենք ձգձգվող խաղից:
1993թ

среда, 21 декабря 2011 г.

Վերցրու


Վերցրու իմ աչքերը
Ու նայիր աշխարհին:
Լսիր ձայները,
Որոնք ես եմ լսում:
Իմ շունչը վերցրու
Եվ ապրիր ընթացքը ժամերիս
Ու խոսիր, ու խոսիր
Իմ փակված շուրթերով:

Վերցրու լռությունս
Ու փշրիր ապակու պես,
Տարածիր արձագանքը
Խեցիներում մարդկանց…
Չի՛ հանգչում ոչ մի ձայն,
Ոչ մի խոսք չի կորչում
Անեզերք երկնքում
Ե՛վ ջրում, և՛ հողում:

Ողջը վերցրու,
Երբ կյանքն է անարժեք,
Երբ թափվում է վերից
Շփոթն աստղային,
Երբ շունչն է կործանման
Ե՛վ ջրում, և՛ հողում,
Երբ աղետ է շուրջը,
Եվ մահն է ինքնիշխան:

Վերցրու առավոտս,
Նույնիսկ` վերջինը,
Գիշերս վերցրու,
Եթե հմայում է քեզ,
Ցերեկս ապրիր
Եվ օրս փախցրու
Ու խոսիր…ու խոսիր
Իմ փակված շուրթերով:
1995թ.

понедельник, 19 декабря 2011 г.

Արձանը


Տեղ մի փնտրիր իմ հոգում.
Թե ադամանդ, թե ոսկի
Կողոպտել են ու վատնել
Եվ կողպել են անհոգի:

Տեղ մի փնտրիր իմ սրտում.
Այն խփում է անարյուն
Ու պատերի մեջ դողդոջ
Դատարկությունն է պարում:

Մի որոնիր ձայնը իմ.
Նա երգել է, որ լռի,
Ինչպես լարն է կտրվում
Չնվագող ջութակի:

Մարմինս մի որոնիր.
Այն վառել են գիշերին,
Մոմի նման, որ հալվել,
Ու ցնդել է կյանքը իմ:

Ողջը սուտ է, ողջը` սին.
Ինձ չես գտնի իմ ներսում,
Նայիր, ինչպես արձանին…
Աչքերս մի կորցրու:

Ես նրանց եմ պատկանում,
Ինչպես գույնը` ապակուն,
Նրանք նայում են, սակայն
Չեն նկատում, չեն տեսնում:

Աչքերս մի կորցրու.
Հայելին ջինջ է ու մաքուր,
Նայիր ու քեզ հարցրու.-
Ինչ կա արդյոք նրանցում:
1996թ.

четверг, 15 декабря 2011 г.

Արցունքից առաջ


Մի անգամ տեսա մի կաղնի.
Այն այնքան գեղեցիկ էր,
Որ ցանկացա կտրել:

Մի անգամ լսեցի երաժշտություն.
Այն այնպես երկնային էր,
Որ ցանկացա խլանալ:

Մի օր հանդիպեցի մի աղջկա.
Նա այնպես հմայիչ էր,
Որ փակեցի աչքերս:

Պատահաբար ապրեցի մի կյանք.
Այն այնքան հրապուրիչ էր,
Որ հրաժարվեցի նրանից:

Այս գիշեր երազ տեսա.
Այն այնքան խորիմաստ էր,
Որ որոշեցի փոխվել:

Եվ այժմ փոխում եմ աչքերս,
Փոխում եմ ձեռքերս,
Փոխում եմ սիրտս…
Կրկին հիշում կաղնին,
Աղջկան,
Վերհիշում եմ երաժշտությունը,
Բայց իմ մեջ ոչինչ չի փոխվում,
Եվ ինձ վրա ծիծաղում է կյանքը,
Ծիծաղում է ու… շարունակվում:

Ես նայում եմ փողոցին
Ուր տխուր անձրևն է որբանում,
Ուր դառնության ալիքը հպվում է դեմքիս
Եվ հասկանում եմ,
Որ արդեն կորցրել եմ առավոտս
Եվ էլի շատ բաներ եմ կորցնելու…
1996 թ.

воскресенье, 11 декабря 2011 г.

Ինչ էլ լինի


Անձրևն անձև փշրվում է ջրհորդանում ու մտքերիս,
Ջրերի մեջ անտերացած մեղեդի կա կեսերգեցիկ,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` մարդ, նստում շնչիս
Ու հուշեր է ինձ մրմնջում մելամաղձիկ, մելամաղձիկ:

Սլացել են քամիները վրնջալով իմ քունքերին,
Ինչ են տարել, ինչ թողեցին. ափսոսանք է, ուրիշ` ոչինչ, 
Սխալների շարք էր կյանքը, ու կորուստ էր, ինչ էլ լինի,
Ինչ էլ լինի, իմն էր, սակայն ճակատագիրը սուտ ու ճիշտ:

Թեթև նայիր, իմ բարեկամ, ուրախությանն ու վշտերին,
Ինչ էլ խաղա կյանքը գլխիդ, անիմաստ է մի խենթացիր,
Միևնույն է չեն հասկանում մարդիկ իրար, ինչ էլ լինի
Նույն ձևով են դավաճանում բարեկամներն ու թշնամին:

Երբ կհոսի քունքիդ վրա վերջին կաթիլը քրտինքի,
Երբ կհատնի վերջին ուժը, կյանքին կապող թելը վերջին,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` խոլ նստի շնչիդ.
Մի հավատա, ինչ էլ լինի. ափսոսանք է ուրիշ` ոչինչ:
1999 թ.

вторник, 22 ноября 2011 г.

Փորձում եմ փնտրել

Փորձում եմ փնտրել բաղձալի հենքը մնացած կյանքի
Անցնող օրերի քարավանների ու մարդկանց շարքում,
Որ հերթով գալիս, հպանցիկորեն անէանում են 
Ու տարրալուծվում արգելանոցում,
Որն հորինել եմ ինքնաներշնչմամբ.

Փորձում եմ  փնտրել այն մաքրությունը,
Որը կարիք է և սնունդ հոգու ու արյան համար
Այն, որ զորեղ է ու ակունքներում աստվածներ ծնող.
                                                 գաղափար  կռող...
Փոնձում եմ փնտրել ոսկե բանալին այն երազների,
Որ օգնում են մեզ մինչև վերջ ապրել,
Այն հարցականը,
Որ մինչև վերջ էլ երկինք է ուղղում
                                                 հայացքները մեր,
Ու թիավարում մարդ երևույթը մինչև ապագան
                                                                                          և էլի այն կողմ...

                                      Թե ինչ եմ փնտրում, ես էլ չգիտեմ,
                                      Բայց հոգուս խորքում չեմ համակերպվում
                                      Հորիզոնների կիսված ծովերին,
                                      Մայրցամաքների հին սահմաններին,
                                      Տիեզերական անըմբռնելի երեևույթներին...
                                      Ապրելու ուրախ, տխուր պատրանքի
                                                                                          ճշմարտությանը:
                                      1990թ. Այրվող վարագույր