понедельник, 19 декабря 2011 г.

Արձանը


Տեղ մի փնտրիր իմ հոգում.
Թե ադամանդ, թե ոսկի
Կողոպտել են ու վատնել
Եվ կողպել են անհոգի:

Տեղ մի փնտրիր իմ սրտում.
Այն խփում է անարյուն
Ու պատերի մեջ դողդոջ
Դատարկությունն է պարում:

Մի որոնիր ձայնը իմ.
Նա երգել է, որ լռի,
Ինչպես լարն է կտրվում
Չնվագող ջութակի:

Մարմինս մի որոնիր.
Այն վառել են գիշերին,
Մոմի նման, որ հալվել,
Ու ցնդել է կյանքը իմ:

Ողջը սուտ է, ողջը` սին.
Ինձ չես գտնի իմ ներսում,
Նայիր, ինչպես արձանին…
Աչքերս մի կորցրու:

Ես նրանց եմ պատկանում,
Ինչպես գույնը` ապակուն,
Նրանք նայում են, սակայն
Չեն նկատում, չեն տեսնում:

Աչքերս մի կորցրու.
Հայելին ջինջ է ու մաքուր,
Նայիր ու քեզ հարցրու.-
Ինչ կա արդյոք նրանցում:
1996թ.

Комментариев нет:

Отправить комментарий