воскресенье, 11 декабря 2011 г.

Ինչ էլ լինի


Անձրևն անձև փշրվում է ջրհորդանում ու մտքերիս,
Ջրերի մեջ անտերացած մեղեդի կա կեսերգեցիկ,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` մարդ, նստում շնչիս
Ու հուշեր է ինձ մրմնջում մելամաղձիկ, մելամաղձիկ:

Սլացել են քամիները վրնջալով իմ քունքերին,
Ինչ են տարել, ինչ թողեցին. ափսոսանք է, ուրիշ` ոչինչ, 
Սխալների շարք էր կյանքը, ու կորուստ էր, ինչ էլ լինի,
Ինչ էլ լինի, իմն էր, սակայն ճակատագիրը սուտ ու ճիշտ:

Թեթև նայիր, իմ բարեկամ, ուրախությանն ու վշտերին,
Ինչ էլ խաղա կյանքը գլխիդ, անիմաստ է մի խենթացիր,
Միևնույն է չեն հասկանում մարդիկ իրար, ինչ էլ լինի
Նույն ձևով են դավաճանում բարեկամներն ու թշնամին:

Երբ կհոսի քունքիդ վրա վերջին կաթիլը քրտինքի,
Երբ կհատնի վերջին ուժը, կյանքին կապող թելը վերջին,
Որպես մնջիկ հոգեհմա գիշերը` խոլ նստի շնչիդ.
Մի հավատա, ինչ էլ լինի. ափսոսանք է ուրիշ` ոչինչ:
1999 թ.

Комментариев нет:

Отправить комментарий