воскресенье, 25 декабря 2011 г.

Խաղը


1.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք բաց տիեզերքում,
Խաղի մի մասն է մեզ հիմա հայտնի,
Որ ակնածանքուվ կյանք ենք անվանում

Եվ մենք կրում ենք թելադրանք վերից,
Որ վարում են մեր ցանկությունները,
Զգում հայացքներ, փաթաթվող ձեռքեր,
Որոնք բացում են մեր փակ դռները:

Մեզ միշտ ճնշում են ներկայություններ,
Որ զննում են մունջ ու տագնապում են`
Անչափելի մեծ կասկած կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք լուրջ ու լրջորեն,
Թեև հայտնի է վախճանը խաղի,
Որ ակնածանքով մահ ենք անվանել:

Ու կրում ենք լուռ մահը մեր կողքին,
Յուրաքանչյուր ժամ, ամեն ակնթարթ,
Այն հետամուտ է լինում բոլորին
Մեր քայլերի մեջ ու մեր մտքերում,

Այն մեզ ճնշում է իր ներկայությամբ,
Զննում, տագնապում`
Անչափելի մեծ թախիծ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք անկախ մեր կամքից,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում են վերևում խաղից:

2.
Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մենք խաղում ենք հիպնոսված ու հեզ,
Թեև երբեմն ըմբոստանում ենք
Ու որոնում ենք ելք ու փախուստներ.
Անխուսափելի մաքառումներում.
Ո՛չ, հաղթողներ ենք, ո՛չ էլ պարտվողներ:

Խաղից դուրս ոչ ոք չի կարող լինել,
Ոչ ոք չի կարող այն արգելակել.
Գալիս ենք հույսով, ձեռնունայն գնում,
Անչափելի մեծ խաբկանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

…Մենք չենք հորինում խաղին կանոններ.
Պարտադրվում են իմաստները մեզ,
Սակայն ճգնում ենք հասկանալ խաղը
Եվ այն ի վերջո մերը համարում,
Անչափելի մեծ հավատ կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից
Եվ մեր ոտքերը աճում են հողում.
Մեզ խոշտանգում են երկու տարերքներ.
Ձգելով վերից, վարից ճկելով…
Անչափելի մեծ տանջանք կախելով
Այս ամենից վեր ու մեր աչքերում:

Մենք տիկնիկներ ենք կախված երկնքից,
Մենք ընդունում ենք կանոնը խաղի,
Եվ ավարտվում է այս խաղը այն ժամ,
Երբ ձանձրանում ենք ձգձգվող խաղից:
1993թ

Комментариев нет:

Отправить комментарий