вторник, 22 ноября 2011 г.

Փորձում եմ փնտրել

Փորձում եմ փնտրել բաղձալի հենքը մնացած կյանքի
Անցնող օրերի քարավանների ու մարդկանց շարքում,
Որ հերթով գալիս, հպանցիկորեն անէանում են 
Ու տարրալուծվում արգելանոցում,
Որն հորինել եմ ինքնաներշնչմամբ.

Փորձում եմ  փնտրել այն մաքրությունը,
Որը կարիք է և սնունդ հոգու ու արյան համար
Այն, որ զորեղ է ու ակունքներում աստվածներ ծնող.
                                                 գաղափար  կռող...
Փոնձում եմ փնտրել ոսկե բանալին այն երազների,
Որ օգնում են մեզ մինչև վերջ ապրել,
Այն հարցականը,
Որ մինչև վերջ էլ երկինք է ուղղում
                                                 հայացքները մեր,
Ու թիավարում մարդ երևույթը մինչև ապագան
                                                                                          և էլի այն կողմ...

                                      Թե ինչ եմ փնտրում, ես էլ չգիտեմ,
                                      Բայց հոգուս խորքում չեմ համակերպվում
                                      Հորիզոնների կիսված ծովերին,
                                      Մայրցամաքների հին սահմաններին,
                                      Տիեզերական անըմբռնելի երեևույթներին...
                                      Ապրելու ուրախ, տխուր պատրանքի
                                                                                          ճշմարտությանը:
                                      1990թ. Այրվող վարագույր

Ճնշում

Տարին` ինքը,
Սկսվում է միայն մարտին
Եվ ավարտվում փետրվարին,
Որովհետև փետրվարին
Հաջորդում է միայն մարտը,
Որովհետև մարտին միայն
Նախորդում է փետրվարը...       

Որովհետև կա թվերի թանձր ճնշում,
Որ խառնում է տարիներիս պարզ հաշվարկը,
Ու այդ ծանր ճնշման ներքո
Ինձ թվում է, թե երկար ու հեշտ է կյանքը,
Եվ առատ է ժամանակս,
Որովհատև այդ պահերին
Ազատվում եմ վայրկյանների մենախցից,
Փրկօղակներ ծով նետելով,
Որ ափ հանեմ սուզվող նավս.
Որովհետև չեմ հարմարվում`
Որ իմ արյան զարկերակը
Վայրկյանները հաշվողը չէ,
Այլ վայրկյանի տաք ծնունդը գրանցողս:

Դրա համար շատ եմ ուզում
Սկզբնական իր վիճակին
Վերադարձնել ժամանակը,
Եթե նույնիսկ տարին` ինքը,
Չի սկսվում միայն մարտին,
Եթե նույնիսկ տարին` ինքը,
Չի ավարտվում փետրվարին...

Որովհետև փետրվարին
Հաջորդում է միայն մարտը,
Որովհետև մարտին միայն
Նախորդում է փետրվարը:
1990թ. Այրվող վարագույր

Տարիքը

Կարճացել է վայրկյանը ու պարում է ապակուն.
Պատուհանի երկայնքով համր կինո՞ է ճեպում,
Թե թարթում է անխնա տարին օրերը հերթով`
Ժամանակն անթերի, ինչպես տարիքը մարդու:

Իմ ուղեղում մի նեյրոն ըմբոստացել է կրկին
Ու խելքահան է անում մի քանիսին էլ արդեն,
Ես նրան եմ հավանում, որ պնդում է հարթմնի,
Թե քնելուց հիմար բան վայ-թե չկա աշխարհում:

Ու հավատում եմ էլի´ գոյությանը այն խենթի,
Ով ապրում է մի քիչ կարճ, քան կարող էր նա ապրել...
Ու տարիքս մի մաշված անձրևանոց է դառնում
Եվ ինձ փողոց է հանում տարվա բոլոր օրերին:

Կարճացել է վայրկյանը ու պարում է ապակուն.
Պատուհանի երկայնքով համր կինո՞ է ճեպում,
Թե թարթում է անխնա տարին օրերը հերթով`
Ժամանակն անթերի, ինչպես տարիքը մարդու:
1990թ. Այրվող վարագույր

Ձմեռնամուտ

Օրը սառել է անպաշտպան,
Սրսփում են ծառերը մերկ,
Ու թվում է` կիրակի է 
                                            հավերժական:
Ու գունաթափ քամին, կարծես,
Ինքն իրեն է ծաղրում անվերջ,
Դեգերումով անտեր ու սուտ:

Ցուրտն անմշուշ ու անկենդան
Սփրթնել է շենքերի դեմ,
Ու փողոցում փոշին փռվել,
Ու նայում է ուժասպառ:
Պատուհանին ձմեռնամուտն է թաքնվել,
Սպասելով հարմար պահի,
Որ անմռունչ իր սկիզբը ազդարարի
Ողջ քաղաքին,
                                          ու տիրաբար:
1990թ.Այրվող վարագույր

Ձյուն է գալիս

Ձյուն է գալիս, գալիս
Ու թափվում է մայթին,
Ու իր թեթև նինջով
Քաղաքին է փարվում:
Թափառում եմ մտքով
Դեպի հյուսիս, հյուսիս
Ու սուզվում եմ անձայն
Հիշողության ծովում:

Ձյուն է գալիս, գալիս
Ու թափվում է մայթին,
Ու մի հասուն թախիծ
Դեգերում է այտիս,
Ինձ թվում է նաև
Հավատում եմ հիմա
Ողջ աշխարհին ու իմ
Անպարագիր բախտին:

Ձյուն է գալիս, գալիս
Ու թափվում է մայթին
Ու կարծես թե կյանքը
Դանդաղում է դրսում,
Եվ մի վրձին անտես
Իմ մատներում դողում`
Ներկոտում է անվերջ
Ձյունաճերմակ հեռուն:
1990թ. Այրվող վարագույր

Դեկտեմբերյան քմահաճույք


Գորշ դեկտեմբերը իր ցուրտ օրերով
Անհույս սայթաքում  մերկասառույցին,
Տեղապտույտող ավտոդողի պես,
Ու փռշտում է տխուր հարբուխը
                                               իմ ուղեղի մեջ.
Ասես ձմեռը ես եմ հորինել,

 Շարժում ու ժխոր դանդաղեցրել,
Իմ մեղքերով են ծածկվել դաշտ ու լեռ,
Ծովերը` սառել, գազանը` քնել, թռչունը` չվե՛լ...
Եվ իմ շնչից են ամպեր գոյացել.
Կույտ առ կույտ կախվել քաղաքի շնչին:
Ի´մ ձեռքերով են դուռ ու պատուհան հողմերը թակել,
Ավլել մուտքերը հսկա շենքերի,
Որ ուղտերի պես բարձր ու վեհանձն
Արհամարհանքն են որոճում իրենց եղանակներին:

 Գորշ դեկտեմբերը իր ցուրտ օրերով
Անհույս սայթաքում  մերկասառույցին,
Տեղապտույտող ավտոդողի պես,
Ու փռշտում է տխուր հարբուխը
                 ի´մ ուղեղի մեջ.
Սաես, թե ես չե´մ   հորինել բոլոր
Հեռուստացույց ու բազկաթոռները,
Անթիվ գրքերն ու օրաթերթերը...
Ե´ս չեմ հորինել այս կպչուն նինջը...
Եվ այս օրերը բարկացնում են ինձ
Նույնքան, որքան ձեզ ձեր իսկ ձեռքերը.
Երբ ցանկանում են հենց նրանց գրկել
                  ում չի կարելի,
Նրանց կարոտել, ովքեր չեն եղել,
Աղմկել աընտեղ, ուր լռություն է
                   պարկեշտ ու հարգի...

 Ե´ս  եմ  արևը ծոցագրպանում փողի տեղ պահել,
Ու բանտարկել եմ ոսկրերիս մեջ ապրելու ծուծը,
Եվ իմ հոգին է մութ սենյակներում
Ունկնդիր եղել զարկերին սրտիս,
Որ բոլորովին ինձ չեն պատկանել,
Այն բոլոր լիցք ու ազդակների հետ,
Որոնք իմը չեն,
                  բայց միշտ թվում է,
Թե ինձ են ուղղված,
Որ թոքերիս մեջ ծիլ տա թախիծը,
Որ զավեշտական մատները ցրտի
                 աչքերս բացեն,
Որոնք հավատով դեռ սպասում են.
Իբր արևը չի ծագի մի օր
                  ճիշտ ժամանակին,
Իբր գարունը կգա այս անգամ
                               ձմեռվա կեսին:
1990թ. Այրվող վարագույր

Ճիգ

Ինձ միշտ թվում էր, թե անցնող օրը գոլորշանում է,
Իր հետ տանելով պատառը կյանքի,
Ու չգիտեի, որ չկրկնվող օրերն աննկատ իջնում են խորքս
Եվ անշարժանում, ինչպես ձկները ակվարիումի մեջ:

Ինձ միշտ թվում էր, թե ծանրության կենտրոն կոչվածը
Մի երկրորդական զգայարան է,
Եվ այն չեն կորցնում, ինչպես օրինակ`լսողությանը,
Ու չգիտեի, որ միշտ խափանվող շարժումներն իմ
Արյունակից են սիրուն, կարոտին և սպասմանը….

Ես ի՞նչ գիտեի, որ ջրից ելած մարդը, իսկապես նման է ջրի
Երբ այն հոսում է հարմար հուներով,
Որ չարտասանված Այոն աննկատ
Խորասուզվում է լիճը նյարդերի,
Ու, երբ զրկվում է իր ճիշտ իմաստից` ծնվում է
                                                                 խեղդված….

Ես ի՞նչ գիտեի, որ վիրավորված ինքնասիրությամբ
Հեշտ կորցնում են կողմնորոշվելու ունակությունը…
Որ ատելության քաղցկեղն ի վերջո
Կարող էր սերվել անմեղությունից…

Ես չգիտեի, որ վերջիվերջո դատի կնստեմ ապրած օրերի
Ու թունավորված ինքնասիրության բաց դատանիստում,
Ինչպես նյարդախտը բուժել ճգնողը ակվարիումի դեմ,
Ու կփորփրեմ իմ <<Կոտորակը>>` փորձելով հերքել հայտարարը իր,
Որպեսզի փրկեմ լիարժեքության ձկնիկը ոսկե:
1990թ-Այրվող վարագույր

Ցայտնոտ

Ես չեմ ցանկանում խաղալ այն խաղը,
Ուր գրոսմայստերներն են տերը դրության,
Ուր արքաները ծույլ ու անհեթեթ,
Ոտքի տակ են ընկնում, ինչպես անպետք իրերը:
...Օ՜, տիրուհիներ չեն թագուհիները,
Այլ արուներ են ճարպիկ, աներես...
Եվ կան փղեր` կաղլիկ շների նման,
Որ միշտ վազում են նշված տեղերը,
Բոլոր տեղերը ցատկոտող ձիեր,
Որոնց նախընտրում են հեծյալները,
Նավակներ, որ լողում են ցամաքում,
Որովհետև  այդպես է պահանջում գաղափարը...
Եվ սրանք կոչվում են ֆիգուրներ`
Իրավասու տնօրինելու խաղի ելքը:

Ես չեմ ցանկանում խաղալ այն խաղը,
Ուր որոշված են ճկուն պայմաններ խուսանավելու,
Ուր գլխի վրա ողջը շուռ տրվել
Եվ սպառնում է լոկ խաղ մնալուն:
Ուր զինվորը ձգտում է դառնալ թագուհի,
Բայց ո´չ` թագավոր,
Ուր կռվում են մշակված ու անքաղաքավարի,
Բայց ո´չ` անձնազոհ...
Եվ ես այս կռվում նույնիսկ զինվոր չեմ,
Այլ ընդամենը` խաղատախտակը...
Եվ բոլորը բղավում են` շա´խ.
Ու փշաքաղվում է մարմինս,
Ու սպառվում է ժամանակը...
1990թ. Այրվող վարագույր

Նևրոզ


Կիսախավարում սենյակի գույքը փայլում է աղոտ,
                                                                անշարժ է օդը:
Ոչ ոք չի խոսում, ոչինչ չեն ուզում,
Լոկ պատից այն կողմ, թեթև աղմուկով,
Հեռուստացույցն է իմ հարևանի իր գոյությունը
                                                         հստակ ակնարկում:
Պատերի միջով ձայները հոսում ու հասնում են ինձ,
Եվ շշուկները կեսգիշերային
                                                         նոր իմաստներ  ու
                                                       կերպեր են առնում:
Էլի Նյու-Յորքում ՍՊԻԴ են բուծում:
Լոնդոնում կրկին մինիստրները
Ճակատագիր են ազգերին գրում

Անտեր մի կատու մարդու պես վայում
Ու արուին է կծում նկուղում,
Եվ այդ թունդ պահին Հռոմի կրծքին
Պիկետն են ցրում քրիստոնյաները:
(Կոպերս, կարծես, շուռ տված լինեն,
Էլ չի հաջողվում մարսել լուրերը):
Վերևի հարկից մի գիժ նորելուկ
Լացում է` ումա~, ումա~ (հա) ումա~…
Ու հայրը նրան Մոցարտ է սուլում,
Իսկ Պենտագոնը մի փունջ հրթիռ է նվիրել Բոննին
(Քունս չի տանի…)
Իսկ դու որտե՞ղ ես,
Ինչո՞ւ չես գալիս:
Ես հարյուր տարվա շերտավոր կարոտ
                                                                     ուսերիս առել,
Դեռ չեմ հասկանում, որ կարոտելը
Վնասակար է առողջությանը:
Քեզ ինչպես ասեմ`
                                  որ գարնանն իմ մեջ
Ակտիվանում է
                              չմոռանալու հիվանդությունը,
Որ ամեն ձմեռ
                              վիրաբույժները
Վիրահատում են ինչ-որ ուրիշ ցավ…

…Ահա` անջատվեց հեռուստացույցը իմ հարևանի:
Վերևի հարկում երեխան արդեն չորս անգամ քնեց,
Նկուղում կատուն, կարծես, համոզվեց,
Որ բնությունը միայն ինքը չե, այլ նաև արուն…
Իսկ ե՞ս…
                  դե ես ինչ`
Ոչ մանուկ էի, ոչ էլ հայր դարձա,
Ոչ կատու ունեմ…
Եվ դժբախտաբար մինիստր արդեն
                                                                չեմ կարող լինել:
ւրեմն` քնել…)
Ու փառք աստծո,
Որ ոչ մի վարակ չեմ կրում իմ մեջ:
(Քնել…)
Փակում եմ կոպերս շրջված
Ու ցուցամատս զգույշ երկարում լամպի կոճակին,
ՈՒ ճիգ եմ անում` ոչինչ չտեսնել,
Չլսել ոչինչ,
                    չզգալ
Ու քնել…
                   (Ես Մոցարտըն եմ...)
1990թ.Այրվող վարագույր

Հիսուսի հետքերով


Կյանքն ընթանում է աչքերիս առջևով,
Ուր ձվածեղի նման տժժում է կենսամակարդակը
                                                                   թավայի մեջ:

Աղմուկները ճնշում են թմբկաթաղանթը:
Տեսանելիությունն է` անսահմանություն:
Եվ իմ աչքերը հոգնել են լարվածությունից,
Եվ իմ ականջները հոգնել են լսելուց…
Ամեն ինչ հոսում է անվերջ արագացումով:

Առաջընթացը բարոյականությունից առաջ է ընկել
                                                               մեկ պարսեկով
Հոտն առաջնորդող այծի նման, որ այնուամենայնիվ
                                                       գիտե, թե ուր է գնում:
Ահա երեկոն` աներես դերասանի նման
Շարունակում է իր ամենօրյա ճշմարտությունը թքել
                                                         մայրամուտի բեմից,
Եվ նյարդային համակարգեր խափանող աղմուկը
Բոլորովին էլ երաժշտություն չէ,
Այլ հետևանք փափուկ բազմոցներին բազմած
                                                    առնետների իդեալների,
Որոնք հասցրին դավաճանել
                                                 մի ողջ մարդկային ցեղի…
Եվ իմ ականջները հոգնել են լսելուց,
Եվ իմ աչքերը հոգնել են տեսնելուց…
Իսկ ես դեռ չեմ հասցրել համակերպվել
                                             Համաշխարհային ջրհեղեղին,
Չեմ հասցրել Սիզիփոսի հետ փշրել քարը
                                                      ու մաս-մաս լեռը հանել,
Եգիպտական անապատներում չեմ քանդակել սֆինքս,
                                                         գրկել Կլեոպատրային,
Դեռ չեմ խոսել աշխարհի բոլոր կենդանի ու մեռած
                                                                              լեզուներով,
Չեմ քայլել Դոն-Կիխոտի միամիտ-միտումնավոր
                                                                               Հետքերով,
Բագրատիոնի կողքին կռվել մինչև Բորոդինո,
Չեմ նկարել Ջոկոնդա ու Գերնիկա,
Չեմ հղել տիեզերք տոկկատա և ֆուգա…
Ու չեմ փորձել մերձենալ բուդդայի…
Ի վերջո ետ եմ վարժվել ձիուս պոչից բռնած
                                                                               Լուսին թռչելուց…
Սակայն հույսս չեմ կորցրել,
Վերստին ծակել եմ ժայռերը և կառուցել
                   ոչ թե գազապաստարան,
                   այլ ընդամենը եկեղեցի,
Ու իմ մատյանները շարունակ լցվում են
                   ողբերգություններով
                   հանուն ոչ անասնականի:

Եվ իմ աչքերը հոգնել են տեսնելուց,
Ու իմ ականջներում շարունակ բզզում է
                                                           Համաշխարհային նևրոզը,
Եվ ես շատ եմ նեղսրտում,
Որ չեմ կարողանում ապրել…
1990թ.Այրվող վարագույր

Լուսնային արահետ


Ծովը մթնել է մեղմաշունչ`
Կնոջ գիրկ է անիրական,
Ուր սուզվում են հիշողության
Նավակները նվիրական:

Պատանի է գիշերը զով,
Ափը` երազ է մանկական,
Լուսինն ինքն է աչքով անում.
Կոհակվում է սիրտը անձայն:

Ափը` երազ է մանկական,
Ծովը հևում է ալեշունչ,
Կնոջ գիրկ է վաղնջական,
Ուր տագնապն է հավերժ պահվում:
1990թ.Այրվող վարագույր

Գիշերային բարդիներ


Գիշերային ծառերի կերպարներում թաքնված
Կա մի երգող լռություն ու մենություն թախծալի,
Կա հուլիսյան սերենադ, որ բարդիները խշշում
Ու հևում են սիրածին` ում երբեք չեն հանդիպում:

Ու նայում են ակնապիշ իրենց բաժին աշխարհին
Օ~…մտածում են նրանք, թե ինչու ծառ են ծնվել
Եվ կանչում են առ աստված աղերսանքուվ սրտագին,-
Մի՞թե դժվար էր այդքան երկու ոտքով արարվել…

Եվ չգիտեն ծառերը, որ ոտքերը մեր խղճուկ
Հաճախ մեզ չեն ենթարկվում` ենթարկում են առավել,
Որ գիշերը թխադեմ մեզ հուզում է ավելի
Ու տանում է միշտ այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում:

Ուր լռության մեջ խափշիկ պատուհաններն են թարթում
Իրենց լույսերը ցայտուն, ու հույզեր են  խլրտում
Մեր սրտերում, մեր հոգում, ու ոտքերում մեր խղճուկ,
 Որ արմատներ են ձգում ու ծառանում հողի մեջ,
Իսկ մենք ճոճվում, քարանում և սպասում ենք անվերջ
Գիշերային ծառերի կերպարներում սնամեջ:
1990թ.Այրվող վարագույր

Դիմանկարը


Ես ուզում եմ քեզ նկարել,
Որովհետև դու իմ սրտում կուտակվել ես.
Որովհետև քեզանով լի սիրտս քեզնից դատարկելով,
Կպահպանեմ անհոգության իրավունքս:

Եվ կտավին, որը ունի մարմնի գույնը,
Պարագծում եմ մերկ օվալը քո հայացքի
Ու աչքերդ նկարում եմ լուսնի լույսով,
Այտերիցդ կենարարող ժպիտ կախում,
Շեշտելով վառ ճակատդ շեկ կյանքի փայլով
Իսկ, երբ շուրթերդ եմ նկարում,
Վերցնում եմ վարդագույնը արևալի,
Ամփոփելով վարսերդ-շաղ պարանոցիդ ճերմակաշիվ

Դիմանկարն ավարտվում է,
Ու դնում եմ այն իմ կողքին,
Սենյակային մթության մեջ, ինքնամոլոր լուսաշողքում
Որքան շատ եմ նայում նրան,
Նույնքան փոխվում է արժեքն իմ աչքերին,
Եվ թվում է, թե ժպիտը վերածվում է քմծիծաղի,
Ու պաղում է լույսն աչքերում

Ես ծածկում եմ այդ նկարը
Ու նորից եմ քեզ նկարում:

Եվ կտավին, որը ունի կյանքի գույնը,
Պարագծում եմ քո հայացքի ջերմությունը,
Եվ աչքերդ տեղադրում ճիշտ այն տեղում,
                ուր հոգսերն են,
Ու լցնում եմ ճակատդ լի ինքնամոռաց մտածմունքով,
Իսկ, երբ շուրթերդ եմ նկարում,
Չեմ օգտվում վարդագույնից արևալի,
Որովհետև ես նրանցում ունկնդրում եմ
                քո եզակի, ազնիվ խոսքը,
Եվ այդ խոսքն եմ նկարում
Ու հասկանում,
Որ ինձ արդեն վիճակված չէ անհոգ ապրել.
Ավելի ճիշտ` ես անօգ եմ,
Որովհետև դիմանկար չի հաջողվում ինձ նկարել
1990թ.Այրվող վարագույր