вторник, 22 ноября 2011 г.

ՌԵՔՎԻԵՄ


Երկրաշարժի զոհերին

  1
Փորձեց,փորձանեց,
Ապա կործանեց,
Այնպե՛ս կործանեց,
Որ Կովկասը ծեր
Ցնցվեց արմատից,
Ու խուլ ճռնչաց
Ճաքճքող հողը,
Եվ այնպե՛ս պայթեց,
Որ փլատակվող շենքերի փոշին,
Այն նու՜յն շենքերի,
Որ բնության դեմ խոյացել էին,
Որպես վեհություն ու արհամարհանք,
Երկինքը բռնեց,
Եվ գորշ քաոսում
Մարդիկ խելահեղ,
Թռչունների պես,
Ցած էին թռչում
Քանդվող տներից…
Ու դղրդոցով ցնցվող շենքերում
Քարացան նրանք, ովքեր չտեսան`
Չճանաչեցին մահվան կռինչը.
Նրանց բնազդը տարավ, երբ միտքը
Մթագնել էր մի վայրկյան առաջ,
Մի՛ վայրկյան հետո
Նրանց ուսերը ճզմվում էին
Երկաթբետոնյա ծանրությունից.
Եվ մարդիկ այդպես
Մերձավորներին փրկելու վերջին
Ճիգն էին անում…
Ավա՜ղ, չդարձան նրանք արձաններ,
Ու Հելլադայի մարդ-սյուների պես,
Չկարողացան կամարը պահել:

Հին լեռնաշխարհի քարուքանդ լինող սարահարթերը
Լցվեցին ճիչով ու վայնասունով,
Մարդ ու անասուն բղավում էին
Միևնույն կանչով ու նույն բառաչով,
Օգնություն հայցող ու աղերսանքի,
Ողբ ու կականի
Եզակի ձայնով ու ձայնանիշով

Երկնակամարում արևը սառեց
Ու կաթեց արյուն
Ա՜խ, այնպես՜ վառեց,
Որ մրմուռն ինքը
Մեզնից խափանվեց,
Ու մեր աչքերին
Հանկարծ մեռելը դարձավ բնական,
Քրտինքն` արնագույն,
Եվ մեր ռունգերը
Էլ չեն գրանցում հոտը,
Օ՜, հոտը

Հայաստան երկրից տարածվեց բոթը
Ողջ կենսոլորտով երկրագնդի
Ու խելակորույս ետ եկավ բույնը,
Երբ բնությունը ապշել էր իր իսկ
Հանցանքի առջև`
Հանցագործի պես, որը դաշույնը
Զավակի փորն է խրում ցնորված:

Ողբաց երկիրը,
Ողբաց աշխարհը,
Եվ նենգ աղետից
Կրկնամահ եղավ
Ժողովուրդը Հայ`
Հին նավաբեկյալ.
Նորից հանձնված
Ալեբախ ծովին,
Հողմին ու ցավին,
Եվ երկիրը շեղ քարտեզագրված
Դարձավ Սևակն,
Երկնքին նայող
Արցունքող մի բիբ,
Մի բուռ շփոթմունք
Ու տարակուսած
Անմեղ-մեղապարտ:
  2
Կյա՛նք, կյանք տուր մեզ
Հոգիներին մեր սարսափած
Ու պապանձված լեզուներին
Տուր աղոթքներ հնարավոր
Մեզ քե՜զ համար փրկիր, Հայր մեր,
Մեզ զորավիգ եղիր արդար
Եվ ուժ տուր, որ ծնկի չգանք:

Կյանք, կյա՜նք տուր մեզ,
Հող հայրենի,
Որ խոցվեցիր տասնապատիկ:

Կյա՜նք, կյանք տուր մեզ,
Հարյուր տարվա մեռելներին
Դեռ չթաղած,
Ազգ սփռված:
Մեզ ծնվելու ունակություն,
Քարեր տուր մեզ,
Որ թաքցնենք մեր սրտերում

Պետք չէ վառել բազում մոմեր,
Ու թափորներ հանել ոտքի,
Ուղեկցելու նրանց վերջին հանգրվաններ`
Թափորները ողջ-ողջ թաղվել,
Խառնվել են ողջ ու մեռած,
Չկա թաղող` տերն է մեռած
Եվ հրկիզել պետք չէ նրանց`
Հրկիզված են հոգիները տարաշխարհիկ,
Եվ անունները կույտերից
Լույս են պեծում բազմապատիկ,
Կյանք խնդրող ձայների հետ,
Որ փշրվում են խավարում:

Ու սրտաճաք մարդիկ եկել,
Ու ձեռքերով արյունոտվող
Հողն են մաքրում հյուլե-հյուլե
       ծվեններից մարմինների…

Հնչեցրե՛ք կարեկցանքի ձայն  կեղեքող,
Ու ձայնարկեք կոկորդներով պատառոտված
Աստվածային մեղեդիներ անմեղներին,
Կտոր-կտոր հղենք երկինք
Պատառիկներ տառապանքի
Ու խմբերգենք մեր կրծքերին
Ամուր սեղմած քար ու սալեր,
Եվ կոտրված շվիներին
Ու փշրված գործիքների ստեղներին
Դողդղացող մեր շուրթերը հպենք ագահ
Ու ժամ առաջ լցնենք թափուր
Քարանձավներն հոգիներիս:

Հնչեցրեք ձա՜յն կեղեքող
Ու կրկնվող արձագանքում
Հավատավոր հույս փնտրենք`
                            կյանքի նշույլ,
Եվ ներծծվող անկար ցավից,
Մեր ձեռքերը մեկնենք դեպի
Չհապաղող սառնամանիք`
                                           այրենք,
Որ քիչ ցուրտը մեղմենք
Վերջին շնչում սպասողի…

Փոթորկվում է մահն ահռելի
Կույր ընդերքից, կասկածելի իր լռությամբ,
Ու վայրկյանը խճճվում է
Ժամանակի իր տարածքում,
Ինչպես սրտի զարկեր հաշվող մատ զգայուն,
Որ պիտ գուժի` մահ,
Կամ ցնծա` կենդանությու՜ն:

Բայց առավել մահն է, որ կա,
Ու փութաշեն դագաղները,
Բազմաչափ ու բազմաքանակ,
Դառը ծաղրով զավեշտական,
Շենքերին են փոխարինում
Բազմաբնույթ ու բազմահարկ:

Որտեղ կյանքն էր վայրկյան առաջ
Փթթում խնդուն,
Քաղաքներում և գյուղերում
Բազմադարյան:

3
Խաղալիքներ գնենք, մարդիկ,
Մրգեր գնենք, քաղցրավենիք
Ու ավերված կամարներին խոնարհվելով
Դնենք քարին…
Մենք չենք կարող էլ ներս մտնել
Շեն շեմերից,
Մանուկները ձեռքերը էլ չեն երկարի…
Չեն ճռվողա նրանք պայծառ պարտեզներում,
Ու փլատակ դպրոցներից դեռ շատ երկար
Պիտի հնչեն արձագանքներ վանկարկումի,
Ուր գրքերը սքանչելի
Դարձան պատան մանուկներին ու պատանյաց:
Եվ հարազատ օրրանները,
Ու վայրերը արարումի
Դարձան բանտեր, մու՜թ զնդաններ,
Երբ փլվեցին պատ ու տանիք.
Տակովն արած, և շինարար, և ընտանիք,
Ուր մայրերը ծծկերներին
Արյուն էին կերակրում
Զարկերակները կծելով…
Խելագարված երեխեքը
Մի վայրկյանում դառնում էին
Ճերմակահեր ծերունիներ…

Խաղալիքներ գնենք, մարդիկ,
Եվ օրորենք մեր կրծքներին
Ծնողազուրկ զավակների,
Որ դեռ երկար չեն հասկանա,
Թե ինչո՞ւ է երկինքը մութ,
Արևը` սև,
Եվ ճիշտը` սուտ մի անհեթեթ`
Թե մայրը իր կգա վաղը,
Թե հայրը իր…
Միևնույն է` ետ չեն գալու:

Խաղալիքներ գնենք, մարդիկ…
Ու թաքցնենք որդեկորույս ծնողներից,
Եվ համբուրենք նրանց աչքերը ցամաքած,
Ջերմացնենք նրանց սրտերը փշրված…
Չնկատենք, եթե նրանք
Երկար նայեն մեր զավակին
Եվ լռությամբ առնեն կարոտը կորստի:

Ապա փնջենք թարմ ծաղիկներ,
Ցրենք դրանք առավոտյան ճամփաներին,
Որոնք տարան սիրելիներին նահատակ
Ու այլևս ետ չբերին: Տուն չդարձան:

Եվ ծաղիկներ փնջենք էլի,
Ու վիրավոր հողը հերկենք կրկնակի,
Ծառեր տնկենք հիշատակի
Ծնողներին մեր սիրասուն,
Եղբայրներին ու քույրերին մեր սիրառատ:

Ապա դառնանք հերոսական
Ժողովրդին մեր բժշկող,
Ապա նրանց, որ գնացին անվերադարձ,
Խառնվելով գոռ պապերին`
Ընծայելով կյանքը միակ աղետյալին:

Եղերական այս գեհենից
Կարողանանք ոտքի ելնել,
Խաչը կրենք տառապանքի,
Լա՛նք մեր ցավը,
Բայց և փորձենք չմոռանալ
Ծնունդը մեր:

4
Եթե գարուն լիներ` օրը,
Ապա պիտի տեղար կարկուտ,
Որ  ծեծում է տեղը ծեծված,
Եթե ամառ լիներ` օրը`
Լինելու էր հողմ ու երաշտ,
Եթե աշուն լիներ, անշուշտ,
Ջրհեղեղներ կլինեին..

Բայց ձմեռ էր,
Կասկածելի ու տաք ձմեռ,
Եվ ո՞վ կարող էր մտածել,
Որ տունը իր դառնալու է
Գլխին ավեր…
Եվ, որ մարդը դեռ շատ երկար
Պիտի փախչի իր տանիքից,
Կամ սարսափած նայի լամպին.
Իր իսկ սրտի թույլ զարկերից
Ահն առնելով ցնցումների,
Զավակների աչքերի մեջ
Փնտրելով մահվան տեսիլ…

Հոգիների սևեռումով,
Ու ոտքերի դողով պիտի
Ապրենք այնքան,
Մինչև ծնվի մի նոր սերունդ.
Մինչ մոռացվի ինչ, որ եղավ…

Շարունակվում է կյանքն հարահոս
Փրկվածների աչքերի մեջ,
Անդամահատվող մարդկանց տառապանքում,
Ու սրտերում միլիոնների,
Որոնց ձուլեց աղետն արագ
Մի հոգու մեջ ու մեկ մարմնում…

Հայ մայրերը սրտաճմլիկ
Երախտիքի խոսքեր ասին լացակումած,
Ու աղոթքներ շշնջացին
Նրանց, ովքեր շտապեցին մեզ օգնելու…
Եվ դառնալով որդիներին,
Աղերսելով հեզ հարսներին,
Պահանջեցին, որ այսուհետ
Նրանք լինեն բազմազավակ:

Եվ հայրերը Հայ քարակուռ
Պադգամեցին` լինել արի,
Ծաղկեցնել հող-Հայրենին,
Արարատի հսկա ոգու խաղաղությամբ
Ամուր կենալ,
Ձեռքը սեղմել բարեկամի
Ու աշխարհի աչքերի մեջ
Խեղճ չնայել: Չխեղճանալ:
1988թ
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий