вторник, 22 ноября 2011 г.

Հիսուսի հետքերով


Կյանքն ընթանում է աչքերիս առջևով,
Ուր ձվածեղի նման տժժում է կենսամակարդակը
                                                                   թավայի մեջ:

Աղմուկները ճնշում են թմբկաթաղանթը:
Տեսանելիությունն է` անսահմանություն:
Եվ իմ աչքերը հոգնել են լարվածությունից,
Եվ իմ ականջները հոգնել են լսելուց…
Ամեն ինչ հոսում է անվերջ արագացումով:

Առաջընթացը բարոյականությունից առաջ է ընկել
                                                               մեկ պարսեկով
Հոտն առաջնորդող այծի նման, որ այնուամենայնիվ
                                                       գիտե, թե ուր է գնում:
Ահա երեկոն` աներես դերասանի նման
Շարունակում է իր ամենօրյա ճշմարտությունը թքել
                                                         մայրամուտի բեմից,
Եվ նյարդային համակարգեր խափանող աղմուկը
Բոլորովին էլ երաժշտություն չէ,
Այլ հետևանք փափուկ բազմոցներին բազմած
                                                    առնետների իդեալների,
Որոնք հասցրին դավաճանել
                                                 մի ողջ մարդկային ցեղի…
Եվ իմ ականջները հոգնել են լսելուց,
Եվ իմ աչքերը հոգնել են տեսնելուց…
Իսկ ես դեռ չեմ հասցրել համակերպվել
                                             Համաշխարհային ջրհեղեղին,
Չեմ հասցրել Սիզիփոսի հետ փշրել քարը
                                                      ու մաս-մաս լեռը հանել,
Եգիպտական անապատներում չեմ քանդակել սֆինքս,
                                                         գրկել Կլեոպատրային,
Դեռ չեմ խոսել աշխարհի բոլոր կենդանի ու մեռած
                                                                              լեզուներով,
Չեմ քայլել Դոն-Կիխոտի միամիտ-միտումնավոր
                                                                               Հետքերով,
Բագրատիոնի կողքին կռվել մինչև Բորոդինո,
Չեմ նկարել Ջոկոնդա ու Գերնիկա,
Չեմ հղել տիեզերք տոկկատա և ֆուգա…
Ու չեմ փորձել մերձենալ բուդդայի…
Ի վերջո ետ եմ վարժվել ձիուս պոչից բռնած
                                                                               Լուսին թռչելուց…
Սակայն հույսս չեմ կորցրել,
Վերստին ծակել եմ ժայռերը և կառուցել
                   ոչ թե գազապաստարան,
                   այլ ընդամենը եկեղեցի,
Ու իմ մատյանները շարունակ լցվում են
                   ողբերգություններով
                   հանուն ոչ անասնականի:

Եվ իմ աչքերը հոգնել են տեսնելուց,
Ու իմ ականջներում շարունակ բզզում է
                                                           Համաշխարհային նևրոզը,
Եվ ես շատ եմ նեղսրտում,
Որ չեմ կարողանում ապրել…
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий