вторник, 22 ноября 2011 г.

Դիմանկարը


Ես ուզում եմ քեզ նկարել,
Որովհետև դու իմ սրտում կուտակվել ես.
Որովհետև քեզանով լի սիրտս քեզնից դատարկելով,
Կպահպանեմ անհոգության իրավունքս:

Եվ կտավին, որը ունի մարմնի գույնը,
Պարագծում եմ մերկ օվալը քո հայացքի
Ու աչքերդ նկարում եմ լուսնի լույսով,
Այտերիցդ կենարարող ժպիտ կախում,
Շեշտելով վառ ճակատդ շեկ կյանքի փայլով
Իսկ, երբ շուրթերդ եմ նկարում,
Վերցնում եմ վարդագույնը արևալի,
Ամփոփելով վարսերդ-շաղ պարանոցիդ ճերմակաշիվ

Դիմանկարն ավարտվում է,
Ու դնում եմ այն իմ կողքին,
Սենյակային մթության մեջ, ինքնամոլոր լուսաշողքում
Որքան շատ եմ նայում նրան,
Նույնքան փոխվում է արժեքն իմ աչքերին,
Եվ թվում է, թե ժպիտը վերածվում է քմծիծաղի,
Ու պաղում է լույսն աչքերում

Ես ծածկում եմ այդ նկարը
Ու նորից եմ քեզ նկարում:

Եվ կտավին, որը ունի կյանքի գույնը,
Պարագծում եմ քո հայացքի ջերմությունը,
Եվ աչքերդ տեղադրում ճիշտ այն տեղում,
                ուր հոգսերն են,
Ու լցնում եմ ճակատդ լի ինքնամոռաց մտածմունքով,
Իսկ, երբ շուրթերդ եմ նկարում,
Չեմ օգտվում վարդագույնից արևալի,
Որովհետև ես նրանցում ունկնդրում եմ
                քո եզակի, ազնիվ խոսքը,
Եվ այդ խոսքն եմ նկարում
Ու հասկանում,
Որ ինձ արդեն վիճակված չէ անհոգ ապրել.
Ավելի ճիշտ` ես անօգ եմ,
Որովհետև դիմանկար չի հաջողվում ինձ նկարել
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий