вторник, 22 ноября 2011 г.

Գիշերային բարդիներ


Գիշերային ծառերի կերպարներում թաքնված
Կա մի երգող լռություն ու մենություն թախծալի,
Կա հուլիսյան սերենադ, որ բարդիները խշշում
Ու հևում են սիրածին` ում երբեք չեն հանդիպում:

Ու նայում են ակնապիշ իրենց բաժին աշխարհին
Օ~…մտածում են նրանք, թե ինչու ծառ են ծնվել
Եվ կանչում են առ աստված աղերսանքուվ սրտագին,-
Մի՞թե դժվար էր այդքան երկու ոտքով արարվել…

Եվ չգիտեն ծառերը, որ ոտքերը մեր խղճուկ
Հաճախ մեզ չեն ենթարկվում` ենթարկում են առավել,
Որ գիշերը թխադեմ մեզ հուզում է ավելի
Ու տանում է միշտ այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում:

Ուր լռության մեջ խափշիկ պատուհաններն են թարթում
Իրենց լույսերը ցայտուն, ու հույզեր են  խլրտում
Մեր սրտերում, մեր հոգում, ու ոտքերում մեր խղճուկ,
 Որ արմատներ են ձգում ու ծառանում հողի մեջ,
Իսկ մենք ճոճվում, քարանում և սպասում ենք անվերջ
Գիշերային ծառերի կերպարներում սնամեջ:
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий