вторник, 22 ноября 2011 г.

Ետհայացք


Ես ուզում էի ապրել մթի հետ,
Ինչպես ապրում է ջուրը ավազում,
Սակայն ավազը մաքրվեց արագ,
Եվ նույնքան արագ պղտորվեց ջուրը:

Ես ուզում էի ապրումները իմ չափել ցրտությամբ,
Ու կերպավորել ցավը կրակով,
Բայց ցավը անցավ կրակը մարեց,
Եվ իմ խոսքերը ցրտահարվեցին:

Ես չէի տեսնում խորքը, բայց մտոք
Հերձեցի բազում շերտերը նրա,
Մարգարտաբեր չէր հատակը ծովի,
Սակայն հատակին ես ընտելացա:

Փորձեցի ճշտել զգացմունքներն հայտնի`
Խուսափուկ եղան հորիզոնի պես,
Հերքեցի նրանց, սակայն վերստին
Վերադարձան ինձ ու փարվեցին հեզ:

Երբ ջղայնացա` նվաղեց ձայնս,
Ձայնս խափանվեց, երբ ծիծաղեցի.
Հասկացա, որ էլ անհնարին է
Ապրել մի մարմնում, որ չի կրում ինձ.

Երկար ճգնեցի վերադառնալ ետ
Ու նմանվեցի չղջիկի, որը
Գլխիվայր կախված զարկերից սրտի
Դեմ առ դեմ մնաց տանջված խղճի հետ:

Ես ուզում էի հասկանալ մութս,
Ես սիրում էի ցուրտս շոշափել,
Սակայն ճիգերից, որ անմեղ էին
Լոկ երկարեցին կառչող ձեռքերս:
1990թ.Այրվող վարագույր

Комментариев нет:

Отправить комментарий