четверг, 19 января 2012 г.

Ադաջիո մինչև առավոտ


Մինչև առավոտ կրկնվող կյանքը
բիբերիդ միջով վերապրիր, մինչդեռ
խորը քնած են մտագարները,
իսկ առավոտյան փակիր աչքերդ
սանձարձակ ճնշող դիմակների դեմ,
                 անգույն ու անթիվ
                 ու ճգնիր մնալ…

Մինչև առավոտ բիբերիդ միջով
մղձավանջերիդ վայրկյաններն հաշվիր
երեխաների աչքերում քաղցած,
իսկ առավոտյան գնա, խառնվիր
բազմություններին կաթվածի ելած:

Մինչև առավոտ բիբերիդ միջով
հագիր միրաժի ցնցող ժապավեն
ու առավոտյան կեղտոտ փողոցում
փորձիր չնայել մուրացկաններին
                 ծերունի, ջահել:

Մինչև առավոտ բիբերիդ միջով
անցիր քարուքանդ քաղաքներ, գյուղեր
ու կյանքը դրած տղերքի մահով
                 սահմանը գծիր,
Իսկ առավոտյան փորձիր կռահել
                 …վերջին կորուստը:

Մի խելագարվիր մինչև առավոտ.
փորձիր հասկանալ, թե որ կողմից է
քունքը մխրճվող գնդակը թռել
                  և ումից փրկվել,
իսկ առավոտյան հրափողն ինքդ
                    դեմ արա քունքիդ…


Մինչև առավոտ բիբերիդ միջով
փորձիր կասկածել, թե ո՞ր սերնդի
ճակատագիրն էր առավել դժնի ու
                     եղերական,
իսկ առավոտյան… էլ մի որոնիր
                     չծնվածներին:
1998թ.

Комментариев нет:

Отправить комментарий