понедельник, 16 января 2012 г.

Անորոշ ու միապաղաղ


Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է անորոշը միապաղաղ`
դատարկվելով աչքերիս մեջ,
կոպերիս տակ,
պաղեցնելով իմ մտքերը
լռության մեջ ինքնամոռաց:
Եվ մոտեցող կեսգիշերի
սև ներկայում
ջղերս են կամաց ձգվում
ու երկարում,
ինչպես անպարզ սարդոստայնը,
որը ոչ թե կերակրում է տխուր սարդին
այլ ուզում է ճշտել կյանքը:

Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է մութը մթին
ու  լցվում է իմ ձեռքերին…
ես փորձում եմ բռնել նրան,
բայց խփվում եմ դեմքով դեմքին,
ու գիշերը խոլ ճոճվում է
հայացքիս դեմ`
ճշտելով իմ դիրքը կանգնած
անորոշ ու միապաղաղ…

Օրվա կրծքից միաստինք
կաթկթում է ցերեկ գունատ
կռնատ ծառի ճյուղին կռնատ,
ուր ագռավն է կռկռում իր
ագռավի հետ,
ես նայում եմ դեպի հարավ,
մտածելով, որ ուր որ է
պիտի անձրև թափվի, սակայն
բռնկվում է փոշոտ քամի աննպատակ,
և աչքերս արյունով են լցվում դանդաղ
անորոշ ու միապաղաղ…

Օրվա կրծքից միաստինք
Կաթկթում է իրիկունը օտարոտի
ու փողոց է հանում մարդիկ`
անջատ-անջատ,
փակ աչքերով ու տանջահար,
ու գլխահակ,
սոված, դաժան
եվ սպանող…

Ես ճգնում եմ խոսել, սակայն
իմ շուրթերից բացվող-փակվող
չի լսվում ձայն
ժխորի մեջ ինքնամոռաց,
անորոշ ու միապաղաղ,
անորոշ ու միապաղաղ…
1993 թ.

Комментариев нет:

Отправить комментарий