понедельник, 16 января 2012 г.

Պատերազմ


Աստվածաշնչյան իր դանդաղությամբ
Քմահաճ թեքվում հանդեպ լուսնկան.
Գալիս է օրը, անցնում է օրը.
Նա ոչ հարց ունի, ոչ էլ պատասխան:

Նայում է, ինչպես խեղդվող ձկան աչք,
Ինչպես ջղաձիգ հունվար մետաղյա,
Ընկնում է սառցին ու սահում է ցած.
Ոչ մեռած է դեռ, ոչ հիասթափված…

Ապրում է օրը, մեռնում է օրը
Դժգույն ու թանձր տարվա մակարդում,
Թշշում է ձյունը գնդակից թռչող,
Որն իմ սրտից է հանկարծ վրիպում:

Ու կոտրվում է սեղանին մոմը
Մորս սևեռուն հայացքի առջև.
Մութ խրամատից լուր տալով նրան,
Որ այս անգամ էլ մահս խափանվեց:

Լռին քայքայվող օրվա փշրանքից
Մի տաք վայրկյան է ընդվզում անեղծ.
Ու թվում է, թե նորից ծնվեցի
Գետնին մզզացող սառույցների մեջ:

…Գալիս է օրը, անցնում է օրը,
Կրկին ու կրկին ակնհայտելով.
Որ, եթե շատ է ծնունդն անհրաժեշտ,
Ապա նույնքան էլ մահն է կարևոր:
1992թ

Комментариев нет:

Отправить комментарий