суббота, 11 февраля 2012 г.

Մարդը և Սարսափը

-Դու իմն ես,- ասաց Սարսափը մարդուն,
-Դու իմն ես,
Ու քեզ մի խաբիր.
Ես եմ քո սկիզբն ու վերջը
Եվ քո միջինը,
Ես քո ծնողն եմ ու զավակը,
Ես քո ամուսինն եմ,
Բայց առավելս` թշնամին, քանզի դու իմն ես
Ու մի փորձիր քեզ խաբել…
Մարդը լսում էր ու տանջվում լռելյայն.
-Բայց ես ի՞նչ անեմ…
-Դու իմն ես աշխարհ մտնելու պահից,
Այդ ես էի մորդ աղաղակներում` ծնելիս,
Ես էի նրա աչքերից սահում քո պարույրը,
Առաջին լացիդ հետ հոսում այտերիդ,
Դողում էի հեծկլտոցներիդ մեջ, շուրթերիդ,
Տաքացած մաշկիդ տակից
Աղաղակում հիվանդություններդ…
Քայլերիդ ուղեկիցն եմ եղել,
Մտորումներիդ` խորհրդատուն,
Ճշմարտություններիդ` կասկածը,
Արբեցումներիդ` սթափեցնող հեղուկը…
Ես քո խիղճն եմ,
Ես քո հավատը….
-Բայց ես ի՞նչ անեմ,-հեկեկում էր մարդու
                                                      լռությունը:
-Գնա մարդկանց մեջ, բայց… անիմաստ է,
Որովհետև ես բոլորի հետ եմ և բոլորի մեջ,
Որովհետև հոտը ժամանակավոր ապաստարան է,
Որովհետև
                  Ե՛ս եմ ճշմարտությունը,
                  Ե՛ս եմ արդարությունը,
                  Ե՛ս եմ բարոյականությունը…
(Ոչինչ չասող խոսքեր… )
Դու անբուժելի խելագար ես, այնպիսին,
Որ սկսում եմ սարսափել քո սարսափից:
-Բայց ես ի՞նչ անեմ,- պատռվում էր մարդու
                    Լռությունը,
-Ոչինչ: Դու իմն ես:
Ես քեզ ընտելացրել եմ, ինչպես կրկեսի կապիկ,
Ոչ… շնիկ, ոչ… գառնուկ
Ուստի սարսափում եմ լքելուց,
Bottom of Form
Որովհետև` կգայլանաս
Ու սեփական բուրդդ կգզես.
Դրա համար էլ քեզ ազատ կարձակեմ
Միայն վերջին շնչում,
Իսկ մինչ այդ` Մի քիչ մարդ եղիր,
Մի քիչ սովորիր նայել աչքերիս,
Ազատիր հոգիդ,
Փրկիր մարմինդ…
Սովորիր մի քիչ ատել ինձ,
Ախր ես քեզ շատ եմ սիրում:
1997 թ.

Комментариев нет:

Отправить комментарий