пятница, 24 февраля 2012 г.

Մերկուրի


                                   Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան
                    

Ավետ
Տերտերյանի
լուսավոր հիշատակին

Մահն է մեծագույն հանճարը
(Ըստ համանվագի)

Անսահմանից աստղ ու մթի
Լույս է իջնում ծանր ու թեթև,
Որ շարժվում է երկարաձայն
                             ու հնչերանգ:
Ցած է իջնում և լցվում է
Երկիր կոչվող մոլորակին`
Ծավալվելով
Ալիք-ալիք ու շողացիր:

Անշարժանում է երկիրը և սպասում,
Ինչպես պահին ետանձրևի,
Երբ անդորրից բնությունն է
                դանդաղորեն զվարթանում,
Սակայն նրան ընտրյալներն են ընկալում`
Զգո~ւյշ, հեռվից անհպելի…

Բայց աշխարհը`
Խլացած ու կույր աշխարհը,
Ընկրկում է զգուշավոր,
Եվ ամբոխը հանկարծ զգում է
                ինչ-որ բան արտասովոր.
Ու ոստնում են մարդիկ խռիվ,
Մոլեգնելով աղմուկ ու կիրք`
Ընթանում են շերեփակիր
Մինչև լույսը վերերկրյա,
Ու լափում են միաբերան
Ահից լլկված մարմինը իր:

Աշխարհը` գայլ, աշխարհը` ցին,
Անընդունակ որկրամոլը
Խրախճանում է` զգալով
Մարդամսի ու իր արյան
               մոտիկությունը մոռացված,
Թպրտում է նրա ձեռքին լույսը մեռնող,
Խելագարվող մանկան նման,
Որ կռվում է մահն աչքերում…
Բայց  գարշելին պատռոտում է սիրտը նրա,
Ու խմում է արյունը տաք:

…Ո՛չ գիշեր է, ո՛չ էլ ցերեկ,
Ո՛չ օր է սա, ո՛չ էլ տարի և ո՛չ էլ դար…
Տղմահեղեղ է մարդկային
Ժամանակից ընդմիշտ թռած,
Եվ բոկոտն ոչ մի մանուկ
Էլ չի սահում արգանդից ցած:
Պղծված է մարդը` ինքը
Ու իր գործերն են պղծված:

Քար լռություն է կարծրանում
Երկիր կոչվող մոլորակի ուղեծրում,
Սահում է մունջ սև դագաղը
 Դատարկության սև պարույրում,
Չունի անուն և չունի հուշ:
…Բայց ի՞նչ է սա.
Հանկարծ ճիգից ճաքճքում է
                դատարկությունը մետաղյա`
Մի ակնթարթ, չնչին մի պահ,
Ու նրանից դուրս է պրծնում շիթը լույսի
Ու փախչում է դեպի երկինք
               աներևույթ, անորսալի:
Կարկամում են հայացքները զեռունների
Ու ապշահար պլշում երկինք…
Լռության մեջ վերերկրյա
Լույսն ու ձայնը սաղմոսաշար, իրար գրկած,
Սավառնում են երկնքի մեջ.
Առանց օդի, անշնչացած,
Բայց քաղցրահունչ ու ցավատանջ,
Հեռանում են մոլորակից
Երկիր կոչվող այս դժողքի`
Անձրևելով շուրջը նրա
Աղի արցունք ափսոսանքի:

Անսահմանում աստղ ու մթի
Լույս է շարժվում ծանր ու թեթև,
Որ տանում է խոսք ընդգրկուն.
            ՛վ կյանք, և՛ մահ: 
1996թ.

Комментариев нет:

Отправить комментарий