пятница, 9 марта 2012 г.

Միջանցիկ հայացք


նկարը` Ցոլակ Շահինյանի
                                                      

Արեգակը մայրամուտին ավելի է գեղեցկանում,
Ավելի է գեղեցկանում լուսաստղը առավոտյան:
Փոթորիկից առաջ ծովը,
Ջրվեժելուց հետո գետը,
Լեռն ամպանիստ կնճիռներում
Ավելի են գեղեցկանում:
Ակնթարթը մինչանձրևին,
Ժայռը վերձիգ, ճաքճքելով,
Բնությունը աշնանային
Ավելի են գեղեցկանում:

Ավելի է գեղեցկանում
Մթնող օրը,                                                                                
Կորցնելով տերևները`
Ավելի է գեղեցկանում ծառը:
…Կինը
Մերկանալով ավելի է գեղեցկանում:
Կիրքը` սրտով,
Աչքն` արցունքով,
Երգը` ցավով
Ավելի են գեղեցկանում:
Հոգին մարդու` սթափվելով
Ու մատները խաչակնքող
Ավելի են գեղեցկանում:
Խոսքը ծարավ գնացողի չոր շուրթերին
Գեղեցկանում է ավելի…
…Ինչո՞ւ, ինչո՞ւ
Արեգակը մայրամուտին աչք է նայող,
Լուսաստղը առավոտյան` ճակատագիր,
Փոթորիկից առաջ ծովը` զգացմունք է անեզրագիծ,
Սիրահար է գետն ուշաթափ,
Լեռն ամպանիստ կնճիռներում`իմաստություն,
Ակնթարթը մինչանձրևին` սրտի տրոփ,
Ժայռը ճաքող` սարսափի ճիչ,
Աշնանային բնությունը` մահ գեղեցիկ:

Մթնող օրը հանգրվան է հիշողության,
Տերևաթափ ծառն ավելի է մարդանում,
Մերկանալով կորցնում է մերկությունը, կինը, կիրքը,
Նաև սիրտը…
Պարզանում է աչքն արցունքով,
Երգը ցավով խորն է իջնում,
Ամրանում են խաչակնքող մատներն հույսով,
Սթափվելով բժշկվում է չարչար հոգին,
Իսկ խոսքերը գնացողի չոր շուրթերին
Շարունակում են դեռ ապրել…
Այսուհանդերձ
Գուցե կյանքն էլ
Ավելի է գեղեցկանում:
2006 թ. Ընտրանի

Комментариев нет:

Отправить комментарий