Կիսախավարում սենյակի գույքը փայլում է աղոտ,
անշարժ է օդը:
Ոչ ոք չի խոսում, ոչինչ չեն ուզում,
Լոկ պատից այն կողմ, թեթև աղմուկով,
Հեռուստացույցն է իմ հարևանի իր գոյությունը
հստակ ակնարկում:
Պատերի միջով ձայները հոսում ու հասնում են ինձ,
Եվ շշուկները կեսգիշերային
նոր իմաստներ ու
կերպեր են առնում:
…Էլի Նյու-Յորքում ՍՊԻԴ են բուծում:
Լոնդոնում կրկին մինիստրները
Ճակատագիր են ազգերին գրում…
Անտեր մի կատու մարդու պես վայում
Ու արուին է կծում նկուղում,
Եվ այդ թունդ պահին Հռոմի կրծքին
Պիկետն են ցրում քրիստոնյաները:
(Կոպերս, կարծես, շուռ տված լինեն,
Էլ չի հաջողվում մարսել լուրերը):
…Վերևի հարկից մի գիժ նորելուկ
Լացում է` ումա~, ումա~ (հա) ումա~…
Ու հայրը նրան Մոցարտ է սուլում,
Իսկ Պենտագոնը մի փունջ հրթիռ է նվիրել Բոննին…
(Քունս չի տանի…)
Իսկ դու որտե՞ղ ես,
Ինչո՞ւ չես գալիս:
Ես հարյուր տարվա շերտավոր կարոտ
ուսերիս առել,
Դեռ չեմ հասկանում, որ կարոտելը
Վնասակար է առողջությանը:
Քեզ ինչպես ասեմ`
որ գարնանն իմ մեջ
Ակտիվանում է
չմոռանալու հիվանդությունը,
Որ ամեն ձմեռ
վիրաբույժները
Վիրահատում են ինչ-որ ուրիշ ցավ…
…Ահա` անջատվեց հեռուստացույցը իմ հարևանի:
Վերևի հարկում երեխան արդեն չորս անգամ քնեց,
Նկուղում կատուն, կարծես, համոզվեց,
Որ բնությունը միայն ինքը չե, այլ նաև արուն…
Իսկ ե՞ս…
դե ես ինչ`
Ոչ մանուկ էի, ոչ էլ հայր դարձա,
Ոչ կատու ունեմ…
Եվ դժբախտաբար մինիստր արդեն
չեմ կարող լինել:
(Ուրեմն` քնել…)
Ու փառք աստծո,
Որ ոչ մի վարակ չեմ կրում իմ մեջ:
(Քնել…)
Փակում եմ կոպերս շրջված
Ու ցուցամատս զգույշ երկարում լամպի կոճակին,
ՈՒ ճիգ եմ անում` ոչինչ չտեսնել,
Չլսել ոչինչ,
չզգալ
Ու քնել…
(Ես Մոցարտըն եմ...)
1990թ.Այրվող վարագույր